երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Արդյոք Աժ քննիչ հանձնաժողովը քննարկելու է համաճարակի ժամանակ ընդդիմության  ապակողմնորոշող, ապատեղեկացնող վարքագիծը․ Լենա Նազարյան

Արդյոք Աժ քննիչ հանձնաժողովը քննարկելու է համաճարակի ժամանակ ընդդիմության ապակողմնորոշող, ապատեղեկացնող վարքագիծը․ Լենա Նազարյան

Ազգային ժողովում այս պահին քննարկվում է ԱԺ պատգամավորների մեկ քառորդի ստորագրություններով և իրավունքի ուժով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը հաստատելու մասին որոշման նախագիծը։ Հիշեցնենք՝ ամառային արձակուրդներից առաջ ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունների նախաձեռնությամբ ստեղծվեց ԱԺ քննիչ հանձնաժողով Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու, համաճարակի մեղման ուղղությամբ կառավարության ու պարետատան գործունեության արդյունավետությունը ուսումնասիրելու համար։

Նախաձեռնող խմբակցություններն առաջարկում են, որ ըստ Դոնթի բանաձևի, Հանձնաժողովն ունենա 12 անդամ՝ 7 անդամ «Իմ քայլից», 3 անդամ «Բարգավաճ Հայաստանից» և 2 անդամ էլ «Լուսավոր Հայաստանից»։

ԱԺ-ի կողմից այս որոշումը ընդունելու դեպքում Քննիչ հանձնաժողովը կսկսի իր աշխատանքները։

Նախագիծը ներկայացնող ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանին ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հարցրեց՝ արդյոք հանձնաժողովը քննարկելու է ընդդիմության վարքագիծը, որը շատ դեպքերում  եղել է  ապակողմնորոշող, ապատեղեկացնող։

«Ընդդիմության գործողություններն ու հայտարարությունները այդ շրջանում եղել են հակասական, իրարամերժ, ապակողմնորոշող, միտված են եղել մեկ օրվա լրահոսում երևաոլւ և տարբեր անհարմարություններ կրող մարդկանց բարեհաճությունը վայելելու համար։ Օրինակ՝ ընդդիմությունը առաջարկել է, որ խորհրդարանը չաշխատի, հետո բողոքել եք, որ խորհրդարանում դիմակ չպետք է կրեն պատգամավորները։ Ասել եք, որ սահմանափակումները պետք է կիրառվեն այլ իրավական ակտով, բայց դեմ եք քվեարկել կարանտին մտցնելու մասին որոշմանը։ Երկրում արտակարգ դրություն է սահմանված եղել, բայց եղել են բողոքի ակցիաներ, որի ընթացքում վարակվել են պատգամավորներ և ոստիկաններ։ Մարդկանց ազատել են աշխատանքի և պետությունից պահանջել սոցիալական աջակցություն տրամադրել», - հարցը ձևակերպելիս հայտարարեց Լենա Նազարյանը։

Ի պատասխան Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ Քննիչ հանձնաժողովում «Իմ քայլը» խմբակցությունը ունենալու է 7 անդամ և ցանկացած հարց, որ առաջարկեն, քննարկվելու է, սակայն հարցը պետք է վերաբերի կառավարության և պարետատան գործողությունների արդյունավետությանը։

«Ես իմ գործընկերներին կտրամադրեմ ընդդիմության գործունեության մասին բոլոր փաստերը, որոնք հավաքել եմ այս ամիսների ընթացքում։ Ունեմ փաստեր, որ այս ամիսների ընթացքում ընդդիմությունը այնքան հակասական, իրարամերժ, ապակողմնորոշող տեղեկություններ է հայտնել այս ամիսների ընթացքում, որ ավելի շատ վնասել է համաճարակի հաղթահարմանը, քան նպաստել», - ի պատասխան հայտարարեց Լենա Նազարայնը։

  • Կիսվել: