չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Արցախի նախագահի խորհրդականը Իրանի հետ հետագա հարաբերություններում հնարավոր լարվածություն չի կանխատեսում

Արցախի նախագահի խորհրդականը Իրանի հետ հետագա հարաբերություններում հնարավոր լարվածություն չի կանխատեսում

Իրանի Իսլամական Հանրապետությունը մեր տարածաշրջանում հանդիսանում է խաղաղության ապահովման ազդեցիկ գործոններից մեկը և նրան նույնպես հաճելի չէ թուրք-ադրբեջանական այդ տանդեմը, InfoPort.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

Նրա խոսքով, Իրանի Իսլամական Հանրապետությունը չի կարող թույլ տալ, որ թուրք-ադրբեջանական ահաբեկչական վեկտորը խորանա դեպի Մերձավոր Արևելք, դեպի Իրանի տարածք։

«Իրանը միշտ ունեցել է իր պահվածքը, երբևիցե անհավասարակշիռ քայլեր չի կատարել, և մենք բարձր ենք գնահատում Իրանի դերակատարությունը նաև հիմա՝ անկախ տարբեր հայտարարություններից։ Շատ հավասարակշռված դերակատարություն ունի Իրանը տարածաշրջանում», -ընդգծեց Բաբայանը։

Արցախի նախագահի խորհրդականը Իրանի հետ հետագա հարաբերություններում հնարավոր լարվածություն չի կանխատեսում։ Ավելին, նա կարծում է, որ այս պատերազմից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության հարցում փոփոխություններ կատարվեն։

«Մենք պետք է շատ լուրջ փոփոխություններ մտցնենք մեր արտաքին քաղաքականության մեջ և հիմնական շեշտը դնենք եղբայրական երկրների հետ հարաբերությունների զարգացմանը ու դրանց փայփայմանը։ Շատ զգույշ ու նուրբ պետք է լինենք ցանկացած եղբայրական երկրի հետ հարաբերությունների զարգացման համար։ Պետական, նորմալ քաղաքական շրջանակների կողմից անթույլատրելի է որևէ սուր խոսք ասել եղբայրական երկրների հասցեին», -ասաց Բաբայանը։

Հիշեցնենք՝Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել էր, որ Իրանը ոչ մի դեպքում թույլ չի տա ահաբեկչական խմբերին՝ իր հյուսիսային սահմանները վերածել Իրանի անվտանգությանն սպառնացող տարածքների։ «Կովկաս տեղափոխելով որոշ հակամարտություններ՝ պետք է սպասել ավելի մեծ ողբերգությունների, քան ղարաբաղյան հակամարտությունն է», -ասել էր նա։

  • Կիսվել: