ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախի նախագահի հետ ամենօրյա շփումների մեջ ենք. Նիկոլ Փաշինյան

Արցախի նախագահի հետ ամենօրյա շփումների մեջ ենք. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իր և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի միջև տարաձայնությունների մասին լուրերին, որոնք շրջանառվում են մամուլում:

Վարչապետը թեմային անդրադարձավ մարտի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

Լրագրողը հիշեցրեց մամուլի հրապարակումներն այն մասին, որ Հայաստանի վարչապետի և Արցախի նախագահի միջև կան տարաձայնություններ, այդ թվում՝ Արցախում ՌԴ խաղաղապահների ներգրավվածության վերաբերյալ՝ հիշեցնելով, որ Արցախի նախագահի մամուլի խոսնակը հաստատել է բանավեճի առկայությունը Հայաստանի և Արցախի ղեկավարների միջև:

Փաշինյանը նախ ընդգծեց, որ Արցախի նախագահի հետ ամենօրյա շփումների մեջ են: «Գործնականում կարող է մեկ օր լինի, որ չխոսենք հեռախոսով: Ընդ որում, հիմնականում ես եմ նախաձեռնողը՝ զանգահարում եմ հետաքրքրվում եմ, թե ինչ իրավիճակ է այնտեղ»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը հավաստիացրեց, որ ՌԴ խաղաղապահների ներգրավվածության վերաբերյալ հարցի շուրջ տեսակետների երաշխավորված ոչ մի տարբերություն չունեն: «Մնացած հարցերով կան տարբեր տեսակետներ, այն բանի բերումով, որ ինքը Լեռնային Ղարաբաղի նախագահն է, ես էլ Հայաստանի վարչապետն եմ: Իսկ ի՞նչ կա այդտեղ վախենալու. կա բանավեճ, կա քննարկում, կա խոսակցություն: Ես հարգում եմ Լեռնային Ղարաբաղի նախագահի, Ազգային ժողովի խմբակցությունների, քաղաքացիական հասարակության, քաղաքական ուժերի, բոլորի կարծիքները և ինձ իրավունք եմ վերապահում նաև դիտարկում անել այդ կարծիքների վերաբերյալ: Կա՞ արդյոք քննարկում-բանավեճ, այո կա, այդ բանավեճն ազդո՞ւմ է մեր անձնական հարաբերությունների, աշխատանքային հարաբերությունների վրա: Եթե ազդում է, ապա միայն դրական, որովհետև անկեղծության, փոխադարձ հարգանքի մթնոլորտն ամենակարևոր բանն է»,- ասաց Փաշինյանը:

 

 

 

 

 

 

  • Կիսվել: