չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Արցախի հարցը լուծված չէ, քանի դեռ հստակեցված չէ Արցախի կարգավիճակի հարցը. Սերժ Սարգսյան

Արցախի հարցը լուծված չէ, քանի դեռ հստակեցված չէ Արցախի կարգավիճակի հարցը. Սերժ Սարգսյան

Արցախի հարցը լուծված չէ, քանի դեռ հստակեցված չէ Արցախի կարգավիճակի հարցը, և քանի դեռ արցախահայությունը լրջագույն սպառնալիքի տակ է ամեն օր և ամեն ժամ: Այս մասին ՛՛Հետպատերազմյան Հայաստան. ի՞նչ քայլեր ձեռնարկել՛՛ խորագրով ժողովի ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

Երրորդ նախագահը հույս հայտնեց, որ հայ ժողովուրդը չի մոռացել իր արժանապատվության և իրավունքների մասին, չի մոռացել իր հազարամյա պատմության դառը դասերը և հետևություններ կանի, քանի դեռ ուշ չէ.

Սարգսյանը նշեց. ՛՛Պարտության և դավաճանության խարանն այլևս հավերժ կրող իշխանությունները մեզ փորձում են ներկայացնել որպես պատերազմի հրձիգներ՝ հանրության շրջանում բորբոքելով նոր պատերազմի հետ կապված վախեր։ Ուզում եմ մեկ անգամ ևս հայտարարել՝ մենք պատերազմի կուսակցություն չենք, մենք պատերազմ չենք ուզում, քանզի անցել ենք արցախյան բոլոր պատերազմներով, քանզի ինքներս էինք պատրաստ և հիմա էլ պատրաստ ենք ցանկացած զոհողության, այլ ոչ թե հիմար որոշումների և բորբոքված մեծամտության արդյունքում մարդկանց տանել մահվան բերան։

Կապիտուլյանտները նոյեմբերի 10-ից ժողովրդին խաղաղությամբ են կերակրում, այնինչ, այդ օրվանից մինչև այսօր մենք շարունակում ենք կորուստներ կրել՝ մարդկային, տարածքային, բարոյական, անվտանգային՛՛։

ՀՀ երրորդ նախագահի խոսքով՝  իրենք դեմ են նոր պատերազմին, քանի որ, ըստ նրա, ջախջախված բանակով, մսխված սպառազինությամբ, քայքայված պետական ինստիտուտներով ի՞նչ պատերազմ կարող է լինել: ՛՛Մենք հո խելագար չենք՛՛ , - ասաց նա։

ՀՀԿ նախագահն ասաց, թե երբ շարունակում են պնդել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, իրենք շեշտում են, որ նախ պետք է վերականգնել երկրի անվտանգային և դիվանագիտական ներուժը, վերագործարկել պետական կառույցները, ժողովրդին վերադարձնել հավատն ու արժանապատվությունը։

՛՛Ուստի, մեր խնդիրն է առավելագույն ջանքեր գործադրել և նպաստել երկրի ներսում և երկրի շուրջ արդարության վերականգնմանը և ՀՀ հեղինակության բարձրացմանը՛՛,-ասաց Սարգսյանը:

  • Կիսվել: