հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Դանիայի Արդյունաբերական կոնֆեդերացիայում ներկայացրել է ՀՀ բիզնես հնարավորությունները

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Դանիայի Արդյունաբերական կոնֆեդերացիայում ներկայացրել է ՀՀ բիզնես հնարավորությունները

Դանիայի Թագավորությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 19-ին այցելել է Դանիայի Արդյունաբերական կոնֆեդերացիա, որտեղ գլխավոր տնօրենի պարտականությունները կատարող Թոմաս Բուստրուպը եւ Միջազգային առեւտրի եւ շուկայի գծով տնօրեն Յենս Հոլստ Նիլսենը հայկական պատվիրակության անդամներին ներկայացրել են կառույցի գործունեության հիմնական ուղղությունները, Դանիայի գործարար միջավայրի հնարավորությունները, ինչպես նաեւ այլ շուկաների հետ գործարար կապերի հաստատման եւ զարգացման հեռանկարները: Այս մասին տեղեկացնում է ԱԺ աշխատակազմը:

Ազգային ժողովի պատվիրակությունն իր հերթին ներկայացրել է Հայաստանի բիզնես հնարավորություններն ու օրենսդրական բարենպաստ միջավայրը, այդ թվում` Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից եւ ԵՄ-ի հետ Ընդլայնված ու համապարփակ գործընկերության համաձայնագրի շրջանակներում զարգացող համագործակցությունից բխող առավելությունները:

Դանիական կողմի հրավերով ԱԺ պատգամավորներն այցելել են նաեւ «Կանաչ պետություն» կոչվող հաստատություն, որտեղ մանրամասներ են ներկայացվել Դանիայի պետական, հասարակական եւ մասնավոր ոլորտների կազմակերպությունների համատեղ ջանքերի վերաբերյալ՝ ուղղված մինչեւ 2050 թվականը Դանիան ամբողջությամբ վերականգնվող էներգիայի անցնելուն: Ներկայացվել են այս ուղղությամբ վերջին 50 տարիներին Դանիայի անցած ճանապարհը եւ անելիքները:

  • Կիսվել: