կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Արարատ Միրզոյանի դեմ տեղի ունեցած մահափորձը բացահայտված չէ. բանտերի որոշ դատարկ տեղեր պիտի գտնեն իրենց օրինական տերերին. Վարչապետ

Արարատ Միրզոյանի դեմ տեղի ունեցած մահափորձը բացահայտված չէ. բանտերի որոշ դատարկ տեղեր պիտի գտնեն իրենց օրինական տերերին. Վարչապետ

100 տեղի հաշվով բանտային բնակչության խտությամբ Հայաստանը դասվում է ամենացածր ցուցանիշն ունեցող երկրների շարքին՝ 36.8 անձ, այսինքն՝ մեր երկրում 100 բանտային տեղից զբաղված է 36.8-ը, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Սա, ըստ նրա, խոսում է Հայաստանի ՔԿՀ-ներում գերբեռնվածության խնդրի իսպառ վերացման մասին:

«Հատկանշական է, որ բանտային բնակչության խտության ցուցանիշով, 2021 թվականի արդյունքներով, Հայաստանը զիջում է միայն Մոնակոյին և զգալի ավելի լավ ցուցանիշներ ունի մնացած եվրոպական երկրների համեմատությամբ: Այս ընթացքում Հայաստանում փակվել է երկու քրեակատարողական հիմնարկ: Չեմ կարող չընդգծել այս ցուցանիշի քաղաքական իմաստը և սա իրոք ժողովրդավարական երկրին հատուկ ու ժողովրդավարական երկրին վայել ցուցանիշ է», - ասաց նա:

Փաշինյանը նշեց, թե ժամանակ առ ժամանակ իրենց կառավարությանը մեղադրում են իբր քաղաքական հակառակորդներին հալածելու, քաղաքական հետապնդումներ իրականացնելու, բռնապետություն հաստատելու փորձերի մեջ:

«Պատմականորեն ապացուցված փաստ է. նման երկրներում, որտեղ հետապնդումներ կան, բանտեր բացվում են և ոչ թե փակվում: Նման երկրներում բանտերը լեփ-լեցուն են և ոչ թե կիսադատարկ: Սա, իհարկե, չի նշանակում, թե այսօրվա Հայաստանում բոլոր նրանք, ովքեր օրենքի տառին համապատասխան պետք է բանտում լինեին, բանտում են: Սա նշանակում է, որ բոլոր նրանք, ովքեր պիտի ազատության մեջ լինեին, ազատության մեջ են ու սա է Հայաստանի մասին մեր ունեցած պատկերացումը: Բայց, մյուս կողմից, իհարկե, պետք է հաշվի առնենք, որ բազմաթիվ հանցագործություններ, ներառյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հարձակումների մի քանի առանցքային դրվագներ, ներառյալ ԱԺ նախագահի դեմ տեղի ունեցած մահափորձը, մինչև օրս բացահայտված չեն, և մեր իրավապահները պիտի ամեն ինչ անեն, որ բանտերի որոշ դատարկ տեղեր գտնեն իրենց օրինական տերերին», - ընգծեց Փաշինյանը: 

  • Կիսվել: