երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Առաջին օրվանից այդ մարդը իր ընտրողներին, հանրությանը խաբում էր․ Հայկ Մարությանը՝  Վարդան Ղուկասյանի մասին

Առաջին օրվանից այդ մարդը իր ընտրողներին, հանրությանը խաբում էր․ Հայկ Մարությանը՝ Վարդան Ղուկասյանի մասին

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը  ԼուրջCast հաղորդման եթերում  խոսել է Երևանի քաղաքապետի ընտրությունների մասին՝ նշելով, որ իրենք գիտեին, որ այդ շրջանում ժողովրդի մոտ մեծ ապատիա կար, սակայն  մասնակցության նման ցածր տոկոս չէին սպասում։

«Ինչքան շատ լիներ մասնակցությունը, այնքան ցածր կլիներ ՔՊ-ի տոկոսը և այնքան բարձր ընդդիմության տոկոսը: Իհարկե, շատ մեծ կարուստ էր մարդկանց քիչ գալը և շատ տարօրինակ էր «Հանրային ձայն» կոչվածի՝ այսինքն՝ «Դոգի» (Վարդան Ղուկասյան-Խմբ.) հավաքած տոկոսը, որովհետև նա սուտ է խոսում: Սա է խնդիրը», - ասել է Մարությանը:

Վերջինս հիշեցրել է, որ Վարդան Ղուկասյանը հանցագործության համար հետախուզման մեջ է: Ըստ Մարությանի՝ խոսքն իրական, այլ ոչ թե «ինչ-որ կարած գործի» մասին է:

«Փաստացի «Հանրային ձայն»-ի ղեկավարը յոթը ձայն ունեցավ ավագանիում և առաջարկում էր՝ էս տվեք, էն տվեք: Բայց մենք արդեն ներսից գիտեինք, որ առնվազն մեկ կամ երկու ձայն նա ի սկզբանե չուներ, ընդ որում, ինքն է խոստովանել դա: Նա ասաց, որ «ես զանգում էի Արտակ Գալստյանին, ասում էի՝ դի՛ր մանդատդ, ինքը չէր դնում»: Իսկ դա նշանակում է, որ իրենք այդ ձայնը չունեն: Ուրիխանյանն էլ այստեղ չէ, չի եկել և չի էլ պատրաստվում գալ: Այսինքն այդ երկու ձայնը չուներ, իսկ հինգ ձայնով ընդհանուր ընդդիմությունը քաղաքապետ չէր կարող ընտրել: Եթե անգամ բոլորը համաձայն լինեն, որ թեկնածուն ես էի, չէր ստացվում դա: Առաջին օրվանից այդ մարդը դա գիտեր և բոլորին, իր ընտրողներին, հանրությանը խաբում էր: Ի վերջո ասաց՝ «ինձ համար միևնույն է՝ ով կլինի» ու ոչ թե տվեցին իրենց ձայները, այլ մասնակցություն ապահովեցին, որ Ավինյանին ընտրեն: Ընդ որում, նա նորից փորձում էր բոլորին մոլորության մեջ գցել՝ ասելով, որ իրենք դեմ են քվեարկել: Իմ կարծիքով՝ ստորություն է հավաքել հարյուր տոկոսանոց ընդդիմադիր ձայներ և դա ուղղակի նվեր տալ իշխանությանը, հետո էլ փորձել դա ցույց տալ որպես դեմ քվերակել... Իսկ թե ինչի համար է տվել ձայները, արդեն կարող ենք կռահել, որովհետև նա  հենց այնպես դա չէր անելու», - ասել է Մարությանը:

  • Կիսվել: