ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Առաջարկվող տերմինաբանությունն առաջացնում է ավելի շատ ռիսկեր, քան նպաստում է Հայաստանի խաղաղության օրակարգի առաջխաղացմանը. Աղաջանյան

Առաջարկվող տերմինաբանությունն առաջացնում է ավելի շատ ռիսկեր, քան նպաստում է Հայաստանի խաղաղության օրակարգի առաջխաղացմանը. Աղաջանյան

««Հայաստան»  խմբակցության կողմից առաջարկված  ԱԺ հայտարարության նախագիծը  աշխատանքային կարգով քննարկվել է  ՔՊ խմբակցության ներկայացուցիչների հետ ։ Պայմանավորված մի քանի պատճառներով՝ առաջինը  այն  է եղել, որ առաջարկվող նախագծում կային բազմաթիվ դրույթներ, որոնք համահունչ էին մեր պատկերացումներին, ինչպես նաև կա և կար քաղաքական կամք  ԱԺ անունից  այս իրավիճակում և պայմաններում  հանդես գալ ընդհանուր հայտարարությամբ և ըստ այդմ, այդ քննարկումները տեղի ունեցան»,- ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունն Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ» հարցի քննարկման ժամանակ  ելույթում այս մասին նշեց ՔՊ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։ 

Ըստ նրա՝ չնայած կային բազմաթիվ դրույթներ, որոնց շուրջ հնարավոր եղավ համաձայնության գալ, այնուամենայնիվ,  կային որոշ ձևակերպումներ որոնց հետ կապված  դիրքորոշումները երկու կողմերի համար էլ սկզբունքային էին և դրանց շուրջ համաձայնության գալ չհաջողվեց։ 

«Մեր գնահատականն  այն է, որ 30 տարի շարունակվող արտաքին քաղաքականության արդյունքն ու հետևանքն այն ստատուս քվոն է, որն արձանագրված է այսօր։ Ի հակադրումն այս դիրքորոշման՝ հնչում է հետևյալ կարծիքը՝ «փաստացի, հետպատերազմյան գործընթացները գալիս են ապացուցելու, որ խաղաղության օրակարգը նույնպես չի երաշխավորում Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգություն»։ Պետք է վստահորեն արձանագրեմ հետևյալը՝ ցավալիորեն, հաշվի առնելով վերջին շրջանում աշխարհաքաղաքական գլոբալ զարգացումները, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների կողմից վարվող դեստրուկտիվ քաղաքականությունը, որևէ բան բացառելը գրեթե անհնար է, այդ թվում՝ հնարավոր ռազմական սադրանքներն Ադրբեջանի կողմից, սակայն մի բան մեզ համար հստակ է ու աներկբա՝ խաղաղության օրակարգից բխող դիվանագիտությունն է գլխավոր, եթե ոչ միակ պատճառը, որ յուրաքանչյուր ադրբեջանական սադրիչ գործողությանը հետևում է միջազգային հանրության այդչափ միահամուռ դատաապարտող գնահատական»,- հայտարարեց Էդուարդ Աղաջանյանը։

Պատգամավորը նշեց, թե ընդդիմության առաջարկած ձևակերպումները չէին նպաստի կոնսոլիդացիայի ձևավորմանը, այլ՝ ուղիղ հակառակը, հնարավոր ռիսկեր կառաջացնեին։

«Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ «Հայաստան» խմբակցության կողմից առաջարկվող տերմինաբանությունն առաջացնում է ավելի շատ ռիսկեր, քան՝ նպաստում է Հայաստանի խաղաղության օրակարգի առաջխաղացմանն ու մենք, որպես ՀՀ իշխանություն, չենք կարող ընդունել մի հայտարարություն, որը պարունակում է նման ռիսկեր»,- ընդգծեց Աղաջանյանը։

  • Կիսվել: