ԱՊՀ–ում համագործակցության ամրապնդումը կնպաստի ազգային իրավական համակարգերի կայունության բարձրացմանը. Գալյան
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության շրջանակում ելույթով է հանդես եկել՝ «ԱՊՀ մասնակից պետությունների իրավական քաղաքականության զարգացումը և արդարադատության նախարարությունների դերը համագործակցության ամրապնդման գործում» խորագրի ներքո։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Սրբուհի Գալյանն ընդգծել է, որ ԱՊՀ-ն նշում է իր ստեղծման 35-ամյակը, և այս ժամանակահատվածում մասնակից պետությունների միջև ձևավորվել է նշանակալի իրավական համակարգ, որը ներառում է միջպետական համագործակցության լայն շրջանակ։
Ըստ նախարարի՝ Հայաստանի Հանրապետությունն իր նախագահությունը Խորհրդում դիտարկում է որպես հնարավորություն՝ լրացուցիչ ներդրում ունենալու արդարադատության ոլորտում համագործակցության հետագա ամրապնդման գործում՝ փոխադարձ հարգանքի, իրավահավասարության և ազգային իրավական առանձնահատկությունների հաշվառման սկզբունքների հիման վրա։
Սրբուհի Գալյանն իր ելույթում անդրադարձել է համագործակցության հետագա զարգացմանը.
- Թվայնացում իրավական համագործակցության մեխանիզմներում։
Կարևորվել է ԱՊՀ մասնակից պետությունների իրավական ակտերի ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծումը՝ օրենսդրության համեմատական վերլուծության տարրերով, ինչպես նաև արդարադատության ոլորտի մասնագետների համագործակցության ժամանակակից թվային հարթակների զարգացումը։
- Արդարադատության նախարարությունների միջև գործնական համագործակցության ընդլայնում։
Առանձնահատուկ կարևորություն ունի լավագույն իրավակիրառ պրակտիկաների, թվային լուծումների փոխանակումը, ինչպես նաև գերատեսչությունների աշխատակիցների մասնագիտական փոխանակման ծրագրերի իրականացումը։
- Որպես զարգացման երրորդ ուղղություն՝ վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներն են՝
Համագործակցության հեռանկարային ուղղություններից կարող է լինել հաշտարարության և արբիտրաժի ինստիտուտների զարգացումը ԱՊՀ տարածքում։ Սա հնարավորություն կտա նվազեցնել դատական համակարգերի ծանրաբեռնվածությունը և ձևավորել ավելի կանխատեսելի ու բարենպաստ իրավական միջավայր քաղաքացիների և միջսահմանային բիզնեսի համար։
Նախարարը նշել է, որ ԱՊՀ շրջանակներում համագործակցության հետագա ամրապնդումը կնպաստի ազգային իրավական համակարգերի կայունության բարձրացմանը, պետությունների իրավական համակարգերի ամրապնդմանը և քաղաքացիների իրավունքների ու օրինական շահերի ավելի արդյունավետ պաշտպանությանը։



