կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ապագա կա՛, կա՛ ապագա, ու այն արարելու ենք այսօր. Փաշինյանն ընթերցեց քաղաքացուն ուղղված նամակը

Ապագա կա՛, կա՛ ապագա, ու այն արարելու ենք այսօր. Փաշինյանն ընթերցեց քաղաքացուն ուղղված նամակը

Ինչպես արդեն հայտնել էինք՝ այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արտաշատ, որտեղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ քաղաքացիներին ուղղված նամակ ընթերցեց: Նա նշեց, որ իր գլխավորած քաղաքական ուժը նախընտրական թերթիկ է ունենալու, որի հետևում լինելու է այդ նամակը:

Փաշինյանը, մասնավորապես, ասաց. ՛՛Բարև, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, քեզ դիմում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, չորս երեխաների հայր, «Հայկական ժամանակ» օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր, նախկին քաղբանտարկյալ, 2012-18 թվականներին Ազգային ժողովի պատգամավոր, 2017-18 թվականներին Ազգային ժողովի ՛՛Ելք՛՛ խմբակցության ղեկավար, Հայաստանի Հանրապետության վարչապետ, վարչապետի պաշտոնակատար և վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Ի՞նչ եմ ակնկալում քեզանից: Ուզում եմ չհանձնվես, ուզում եմ չկասկածես: Քեզ փորձում են համոզել, որ դու սխալվել ես՝ մտածելով, թե կարող ես որոշող լինել քո հայրենիքում, քո պետության մեջ: Քեզ փորձում են համոզել, թե ժամանակը հակառակը ցույց տվեց, որ կամ պետք է հպատակ լինես քո հայրենիքում կամ կորցնես հայրենիքդ: Ես քեզ դիմում եմ համոզմունքով, որ ճշմարտությունը ուղիղ հակառակն է: Երկար տարիներ մենք շատ բաներ հանդուրժեցինք հանուն հայրենիքի, արդյունքում պարզվեց , որ հայրենիքի քայքայումն ենք հանդուրժում: Ու այն պահին, երբ սկսեցինք չհանդուրժել, մեր հայրենիքը նմանվում էր անդունդ գահավիժող մի մեքենայի, որը փորձում էինք կառավարել` առանց ղեկի ու անիվների, առանց արգելակի ու շարժիչի:

Գահավիժման այդ ընթացքը դժվարությամբ ենք կանգնեցնում, ծանր կորուստներով, բազմաթիվ զոհերով, խառնակ ու խառնաշփոթ ժամանակներով: Ու հիմա ընտրության առաջ ես` ենթարկվես ժամանակին, թե քեզ ենթարկես ժամանակը: Ես ուզում եմ, որ քեզ ենթարկես ժամանակը, որովհետև այն ժամանակը, որը քեզ ենթակա չէր երեկ, այսօրվա կորուստների առանցքային պատճառն է:

Այսօրվա բարդությունը կուտակվել է երեկ: Հիշու՞մ ես, թե քանի-քանի առիթներով և քանի-քանի տարիներ ես ապրել այն համոզումով, որ այս երկրում ապագա չկա ու այն ժամանակ, երբ փոխում էիր համոզումդ, վրա հասավ ամենամեծ աղետը ու էլի սկսեցիր մտածել, որ ապագա չկա: Բայց այս օրը ապագա էր երեկ, իսկ վաղը ապագա է այսօր ու այն պետք է գա, եթե դու որոշես, որ ինքը կա, որովհետև ցավից չպետք է կորցնես ապագայի մասին երազելու և ապագան ամենօրյա աշխատանք դարձնելու կարողությունը: Բարև Հայաստանի Հանրապետության քաղաքացի, քեզ գրում եմ՝ ասելու, որ ապագա կա′, կա′ ապագա ու այն արարելու ենք այսօր:

Քո Նիկոլ՛՛:

  • Կիսվել: