հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024

Անկանխիկ դրամաշրջանառությունը, ստվերի վերացումն մեզ համար կոնկրետ առաջանհերթություն է․ Պապոյան

Ազգային ժողովը քննարկում է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագիծը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտարարեց, որ Հայաստանում չափահաս բնակչության մեծ մասն ունի քարտեր ու եկամուտը, աշխատավարձը ստանում է քարտերով:

«Ի՞նչն է պատճառը, որ իրենք փողը բանկոմատից հանում են, նոր գնում են առևտուր անելու, պատճառն այն է՝ երբ դու գնում ես քարտով առևտուր անելու, պարզվում է՝ այդ պահին, օրինակ, ինտերնետի կապ չկա, կամ այդ քարտը չի սպասարկվում, իսկ այդ պատասխանն ինչո՞ւ է հնչում, որովհետև 5 տոկոս շրջանառության հարկով աշխատող խանութի համար, երբ դու VISA կամ MASTER քարտով փորձում ես առևտուր անել, ստացվում է, որ երկու-երեք տոկոս վրան գումար է ավելանում ու ստացվում է, որ այդ մարդու 5 տոկոս շրջանառության հարկը դառնում է 6-7 տոկոս», - ասաց Թունյանը:

Նա նշեց, թե այստեղ պարզ ֆինանսական բեռի խնդիր է, նաև՝ ֆինանսական գրագիտության:

«Այսօր մեզ մոտ մարդիկ կան, որոնք 5-6 տարի է՝ քարտ ունեն, բայց չեն կարողանում բանկոմատից գումար կանխիկացնել», - նշեց պատգամավորը:

ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանն էլ ասաց, թե անկանխիկ դրամաշրջանառությունը, ստվերի վերացումն իրենց համար կոնկրետ առաջանհերթություն է:

«2022 թվականի հունվարի 1-ից Երևան քաղաքում աշխատավարձի վճարումը լինելու է անկանիկ, մարզկենտրոններում՝ 2023 թվականի հունվարի 1-ից, 2024 թվականի հունվարի 1-ից՝ ամբողջ Հանրապետության տարածքում», - նշեց Պապոյանը:

  • Կիսվել: