երկուշաբթի, սեպտեմբեր 21
21 / 9 / 2026
Անկախությունը մեզ նվեր չի տրվել, այն պահվել է պայքարով, արյամբ, մեր հավատով. Սասուն Միքայելյանի ուղերձը

Անկախությունը մեզ նվեր չի տրվել, այն պահվել է պայքարով, արյամբ, մեր հավատով. Սասուն Միքայելյանի ուղերձը

ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության տոնի առթիվ.

«Փառք Աստծո, մենք շատ ամուր, շատ հզոր ազգ ենք: Լիներ ցանկացած ուրիշ ազգ երկու-երեք տարի մեր վիճակի մեջ, չէր դիմանա: Մենք իսկապես հարգանքի արժանի, առաջին հերթին ինքներս մեր հարգանքին արժանի ազգ ենք...», ասում էր ԵԿՄ հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը։

Այո՛, մենք դարեր ի վեր շատ բան ենք կորցրել, շատ ցավերի միջով ենք անցել, բայց չենք կորցրել ամենակարեւորը՝ մեր կամքը, մեր անունը, մեր հայրենիքի հանդեպ հավատը։ Եվ քանի դեռ հայը կանգուն է, քանի դեռ նրա սրտում հայրենիքի անունն է, ոչ մի դժվարություն չի կարող խոչընդոտել մեր էլ ավելի բարեկեցիկ, անվտանգ ապագայի կերտմանը։

Մենք՝ յուրաքանչյուրս, մեր գործով, մեր գիտելիքով, մեր նվիրումով ու պատասխանատվությամբ պետք է հզորացնենք մեր տունը։

Անկախությունը մեզ նվեր չի տրվել, այն պահվել է պայքարով, արյամբ, մեր հավատով, զոհողությամբ։ Եվ այսօր մեր պարտքն է այն դարձնել ավելի ամուր, ավելի անվտանգ ու ավելի հզոր։ Որպեսզի մեր սերունդները նայեն այս օրվան ու ասեն՝ նրանք պայքարով, ճիշտ ռազմավարությամբ, համբերատար ու համազգային համախմբվածությամբ էլ ավելի անվտանգ ու ապահով, հզոր ու զարգացած հայրենիք են ժառանգել մեզ։

Մենք՝ երկրապահներս, ամեն օր կատարում ենք մեր սրբազան առաքելությունը՝ անմնացորդ նվիրվածությամբ ծառայելով մեր հայրենիքին:

Երկրապահն այսօր էլ սահմաններում է՝ ամուր կանգնած մեր բանակի, զինվորի կողքին: Երկրապահն այսօր էլ համախմբված ու միասնական՝ պատանի երկրապահից մինչեւ ավագ երկրապահ, ամենայն պատասխանատվությամբ ծառայում է մեր ժողովրդին եւ պետությանը։

Փա՛ռք մեր ժողովրդին, բանակին, զինվորներին, երկրապահին, կամավորականներին:

Հավերժ փա՛ռք այս ճանապարհին նահատակված մեր քաջորդիներին։

Փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը, աշխարհասփյուռ հայությանը։

Աստված պահապան մեր հայրենիքին ու ժողովրդին»։

  • Կիսվել: