կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Անհետ կորածների հարազատները ստիպված չեն լինի 1 տարի սպասել. Արդեն հիմա կարող են դիմել հատուցման համար

Անհետ կորածների հարազատները ստիպված չեն լինի 1 տարի սպասել. Արդեն հիմա կարող են դիմել հատուցման համար

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 24-ի նիստում հավանություն տվեց Քաղաքացիական օրենսգրքում եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողի կյանքին ու առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին օրենքում փոփոխությունների փաթեթին:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացնելով փաթեթն, ասաց. «Այս փոփոխությունները հնարավորություն կտան մարտական գործողություններին մասնակցած մեր հայրենակիցներին հատուցում ստանալ հիմնադրամից: Մասնավորապես, կարգավորել ենք հետեւյալը.  հիմա անհայտ բացակայող ճանաչելու համար պետք է, որ մեկ տարի անձի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չլինեն: Մենք բացառություն կամ հատուկ կարգավորում ենք սահմանում զինծառայողների համար ռազմական գործողություններով պայմանավորված եւ այդ ժամկետը կրճատում ենք դարձնելով երեք ամիս: Այն տարածվելու է սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Սա նշանակում է, որ ընտանիքի անդամները կարող են դիմել դատարան անձին անհայտ բացակայող ճանաչելու համար եւ դատական ակտը օրինական ուժի մեջ մտնելուց հետո դիմել հիմնադրամ անհայտ բացակայող ճանաչելու փաստի հիման վրա հատուցում ստանալու նպատակով»:

Բադասյանի խոսքով, մյուս փոփոխությունը վերաբերում է նրան, որ դատական ակտից հետո պետք է 6 ամիս անցնի, որ հատուցումը տրամադրվի. «Հիմա այդ ժամկետը եւս կրճատում ենք: Այսինքն եթե հաշվարկում ենք սեպտեմբերի 27-ից, ապա դատական ակտի ուժի մեջ մտնելու պահին այդ երեք ամիսն արդեն անցած կլինի եւ մեր հայրենակիցները հնարավորություն կունենա հատուցում ստանալու հիմնադրամից: Խոսքը 82 մլն կամ 70 մլն դրամ հատուցման մասին է՝ կախված անձի կարգավիճակից: Դրանից 10 մլն դրամը տրվում է միանվագ, մնացածը 20 տարվա մեջ ամսական կտրվածքով»:

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է կամավորականներին, որոնք զորահավաքի գործընթացով չեն անցել. «Գործող օրենքը բաց ունի: Մենք այնպես ենք կարգավորում, որ ՊՆ-ի տված տեղեկանքի հիման վրա կամավորականները եւս հնարավորություն ունենան ՊՆ-ի տեղեկանքի հիման վրա դիմել հիմնադրամ ու կրկին հատուցում ստանալ»:

  • Կիսվել: