ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Անդրանիկ Քոչարյանը պարզաբանեց, թե ինչու Հայաստանը դուրս չի գալիս նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից

Անդրանիկ Քոչարյանը պարզաբանեց, թե ինչու Հայաստանը դուրս չի գալիս նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից

Առկախված խնդիրները լուծելու համար Հայաստանը չպետք է հետ վերցնի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրությունը։ Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պարզաբանելով, թե ինչու Հայաստանը դուրս չի գալիս նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից։

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունն ունի երեք ստորագրություն. Ռուսաստանի Դաշնությունը, Ադրբեջանը և Հայաստանն ունեն պարտականություններ հրադադարի պահպանման ուղղությամբ։ Հիմա շատերն ասում են, թե ինչո՞ւ Հայաստանը դուրս չի գալիս հայտարարությունից և իր ստորագրությունը հետ չի կանչում։ Հայաստանը չպետք է հետ վերցնի իր ստորագրությունը, որպեսզի մնացած խնդիրները, որոնք առկախված են,  ինչ-որ պահի հնարավոր լինի նաև դիվանագիտական ճանապարհով լուծել: Դրա մեջ կարող է դիտարկվել նաև մեր արցախահայության վերադարձի հնարավորությունը: Հայտարարության մյուս երկու կողմերն իրենց պարտականություններն, այնուամենայնիվ, չեն կատարել»,- ընդգծեց Քոչարյանը։

Անդրադառնալով այսպես ասած՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին շահարկումներին՝ Քոչարյանը նշեց, որ այդ բոլոր հարցերը լուծվում են խաղաղության պայմանագրի տրամաբանության շրջանակում, Հայաստանի անվտանգության համակարգի զարգացման տեսանկյունից։

«Դա այն է, ինչն այսօր արվում է առանց թմբկահարելու, առանց ավելորդ լարվածություն առաջացնելու»,- եզրափակեց Քոչարյանը։

 

  • Կիսվել: