շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ԱՄՆ նախագաը ստորագրեց փաթեթը, որն ընդգրկում է նաև ՀՀ-ի ու Ադրբեջանի, ինչպես նաև ԼՂ հակամարտության մասին հոդվածներ

ԱՄՆ նախագաը ստորագրեց փաթեթը, որն ընդգրկում է նաև ՀՀ-ի ու Ադրբեջանի, ինչպես նաև ԼՂ հակամարտության մասին հոդվածներ

ԱՄՆ նախագահն օրենքի ուժ տվեց 2,3 տրիլիոն դոլարանոց օրենսդրական փաթեթին, որն ընդգրկում է նաև ՀՀ-ի ու Ադրբեջանի, ինչպես նաև ԼՂ հակամարտության մասին հոդվածներ, գրում է amerikayidzayn.com-ը։

ԱՄՆ Կառավարության հնարավոր մասնակի փակման նախօրեին նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի երեկոյան ստորագրեց 2.3 տրիլիոն դոլարանոց օրինագիծը, որը ներառում է 900 միլիարդ դոլար COVID-19-ի օգնության փաթեթն ու կառավարության աշխատանքները մինչև 2021 թվականի սեպտեմբեր ֆինանսավորելու 1,4 տրլն. դոլարի օրինագիծը:

Հիշեցնենք, որ օրինագիծը ներառում է նաև դրույթներ վերաբերվող հայ-ադրբեջանական վերջին պատերազմին ու տարածաշրջանային զարգացումներին: Օրինագծի 615 հատվածում, վերնագրված ՛՛Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության գնահատական, նշվում է, որ օրինագծի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 90 օր անց Ազգային հետախուզության տնօրենը Կոնգրեսի հետախուզական հարցերով հանձնաժողովներին պետք է գրավոր գնահատական ներկայացնի Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա լարվածության վերաբերյալ, այդ թվում ` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին: Ըստ օրինագծի՝ փաստաթուղթը պետք է ներառի նաև հետևյալ դրույթները՝

(1) Տարածաշրջանում Միացյալ Նահանգների և նրա գործընկերների ռազմավարական շահերի բացահայտումը

(2) Լեռնային Ղարաբաղի շուրջ և Հայաստանի ու Ադրբեջանի սահմաններին 2020 թվականի ընթացքում ուժի կիրառման բոլոր նշանակալի դեպքերի նկարագրությունը, ներառյալ ուժի նշանակալի կիրառման յուրաքանչյուր դեպքի նկարագրությունը և գնահատականը, թե կողմերից որ մեկն է նախաձեռնել ուժի կիրառում

(3) ԱՄՆ կողմից Ադրբեջանին և Հայաստանին տրամադրված ռազմական օգնության ազդեցության գնահատականը տարածաշրջանում ուժերի հավասարակշռության տեսանկյունից և ռազմական ուժի հետագա օգտագործման հավանականությունը

(4) Տարածաշրջանում ուժի հետագա կիրառման կամ հնարավոր ապակայունացման գործողությունների հավանականության գնահատում մոտակա և միջնաժամկետ հեռանկարում

Օրինագիծը պահանջում է նաև, որ պատրաստվող փաստաթուղթը ներկայացվի առանց գաղտնի տեղեկության հրապարակման, բայց անհրաժեշտության դեպքում կարող է պարունակել գաղտնի տեղեկատվությամբ հավելված:

Եթե նախագահը չստորագրեր փաթեթը, ապա դաշնային հաստատությունների մասնակի փակումը կսկսվեր արդեն երեքշաբթի օրը: Կիրակի առավոտյան ավարտվեց գործազուրկների համար ավելացված նպաստների և դատարանի կողմից վտարման որոշում կայացնելու սահմանափակումների ժամկետը:

Թրամփի առարկությունները օրինագծի վերաբերյալ զարմացրել էին շատերին: Տեղեկանալով նախագահի արձագանքի մասին՝ երկու կուսակցությունների ղեկավարները նրան հորդորեցին ստորագրել փաստաթուղթը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահն անցյալ շաբաթ Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից հաստատված օրինագիծը որակել էր «ամոթալի»: Այդ փաթեթը հանրապետականների և դեմոկրատների միջև ամիսներ տևած բանակցությունների արդյունք էր, որից անմաս էր Թրամփը:

«Երկու պալատների կողմից հաստատված կորոնավիրուսի օգնության երկկուսակցական օրինագծի ստորագրումը լավ լուր է տասնչորս միլիոն ամերիկացիների համար, ովքեր պարզապես ... կորցրել են իրենց կարևոր գործազրկության նպաստները ... և միլիոնավոր մարդկանց համար, ովքեր ամբողջ ուժով պայքարում են այս պատմական ճգնաժամի ընթացքում՝ փորձելով գոյատևել համաճարակի և տնտեսական ճգնաժամի պայմաններում», - ասաց Ներկայացուցիչների Պալատի խոսնակ Նենսի Փելոսին կիրակի երեկոյան հրապարակված հայտարարության մեջ:

Սենատի մեծամասնության ղեկավար Միթչ Մաքքոնելն իր հերթին բարձր գնահատեց Թրամփի քայլը, որով կանխվեց կառավարության փակումն այն պահին, երբ «երկիրը դա իրեն թույլ չի կարող տալ»:

«Երկկուսակցական փաթեթը, որի շուրջ բանակցում էին Կոնգրեսի հանրապետականները և Թրամփի վարչակազմը, երկարացնում է առանցքային ճանապարհները ... կենսական նշանակություն ունի փոքր բիզնեսի գոյության համար պայքարող աշխատողների,օգնում է աշխատավարձ չունեցող ամերիկացիների հիմնական եկամուտին, միլիարդներ է ներդնում պատվաստանյութերի բաշխման մեջ: Այն կատարյալ չէ, բայց հսկայական օգուտ կբերի ... Քենթակիի բնակիչներին և (բոլոր) ամերիկացիներին ամբողջ երկրով մեկ, ովքեր այսօր օգնության կարիք ունեն»,- ասված է Մաքքոնելի հայտարարության մեջ:

Հայտարարելով օրինագծի ստորագրման մասին ՝ Թրամփը նաև հայտարարեց, որ ինքը պնդում է, որ անհրաժեշտ են փոփոխություններ փաստաթղթում, որոնք կոչված կլինեն վերացնելու այն, ինչը նա անվանում է «կործանարար հատվածներ»:

Այնուամենայնիվ, դրանք Կոնգրեսին ուղղված առաջարկներ են, որոնք պարտադիր չեն: Նախագահի առարկությունները կապված էին բնակչությանը ուղղակի վճարների չափի, ինչպես նաև օտարերկրյա պետություններին տրամադրվող օգնության ծրագրերի ֆինանսավորման և գիտական հետազոտությունների հետ:

«Ես Կոնգրեսին ասացի, որ անհրաժեշտ եմ համարում ավելորդ ծախսերի կրճատումը և ամերիկացիներին ավելի շատ գումար տրամադրումը՝ յուրաքանչյուր մեծահասակի համար՝ $ 2000, իսկ երեխայի՝ $600 չեկի տեսքով», - նշվում է Թրամփի հայտարարության մեջ:

Օրինագիծը նախատեսում է յուրաքանչյուր անձին $ 600 վճարում: Դեմոկրատները նույնպես պահանջում էին ավելի բարձր գումար, բայց հանրապետականները դեմ էին այդ գաղափարին:

«Ես ստորագրում եմ այս օրինագիծը գործազրկության նպաստները վերականգնելու, վտարումները դադարեցնելու, վարձակալներին օգնելու, բիզնեսի աջակցության ծրագրին գումար ավելացնելու, ավիաընկերության աշխատակիցներին աշխատանքի վերադարձնելու, պատվաստանյութը բաժանելու համար ավելի շատ գումար հատկացնելու համար», - հավելել է Թրամփը:

Դեմոկրատները օգնության փաթեթը որակում են ավելի մեծ հակաճգնաժամային ծրագրի միայն առաջին քայլ:

«Պատվաստանյութերը տարածելու և կիրառելու, աշխատատեղերը պահպանելու և ծառայությունների աղետալի կրճատումները կանխելու համար անհրաժեշտ է ուժեղ աջակցություն ցուցաբերել նահանգային և քաղաքային կառավարություններին, և մենք դա պետք է անենք հնարավորինս շուտ», - հայտարարել է Փելոսին:

Կոնգրեսը երկուշաբթի կվերադառնա աշխատանքի՝ ընդհատելով սուրբծննդյան արձակուրդը և փորձելով հաղթահարել նախագահական վետոն 740 միլիարդ դոլար արժողությամբ պաշտպանական բյուջեի օրինագծի հարցում: Փաստաթուղթը նախատեսում է նաև ռազմական անձնակազմի աշխատավարձերի բարձրացում և որոշում է Պենտագոնի քաղաքականությունը տարբեր հարցերի վերաբերյալ:

Պալատի քվեարկությունը նախատեսված է երկուշաբթի օրը: Եթե այն հավանություն տա վետոյի վերացմանը, Սենատը կարող է հարցը քվեարկության դնել արդեն երեքշաբթի օրը: Նախագահի վետոյի հաղթահարումը երկու պալատներում պահանջում է երկու երրորդի մեծամասնություն:

Պաշտպանության մասին օրինագիծը մի շարք առարկություններ է առաջացրել Թրամփի մոտ, այդ թվում այն դրույթը, որը թույլ է տալիս Կոնֆեդերացիայի առաջնորդների անունով ռազմական կայանների վերանվանում: Նախագահը նաև պահանջել է փաստաթղթում ներառել կետ, որով կվերացվեր օգտատերերի պատասխանատվությունից խուսափումը սոցիալական ցանցերի էջերի բովանդակության համար:

  • Կիսվել: