Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ այդ վստահությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու լինելու մասին
Ուզում եմ շատ մեծ շնորհակալություն հայտնել վարչության անդամ գործընկերներիս այն վստահության համար, որ ցույց տվեցին։ Այս մասին ՔՊ վարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, որին վարչության անդամներն ընտրել են որպես ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու։
Նա, մասնավորապես, նշել է. «Ինձնից կախված ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ այդ վստահությունը և ուզում եմ ասել նաև, որ ինձ համար պատիվ էր մրցակցել այն ներկայացված թեկնածուների հետ, որոնք որ կային այսօր»:
Խոսելով ԱԺ նախագահի տեղակալներից մեկի պաշտոնում կին թեկնածու առաջադրելու մասին՝ Ալեքսանյանը պատասխանել է․ «Լրիվ լեգիտիմ է ձեր պնդումը այն առումով, որ գուցե կին լիներ և դա ավելի լավ լիներ, բայց չընտրվեց կին։ Այսինքն՝ փակ գաղտնի քվեարկության պայմաններում դժվար է ասել, թե ինչ սկզբունք է աշխատում։ Այնուամենայնիվ, մեր ներկայացված կին թեկնածուները՝ առնվազն երկուսն էլ, բավականին կայացած են և երկուսն էլ քաղաքական ասպարեզում շատ ծանրակշիռ ներկայացվածություն ունեն»։
Նշենք, որ ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու էին ցանկանում դառնալ ԱԺ պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը և Ալխաս Ղազարյանը։



