հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Ադրբեջանը նախ պետք է բաց թողնի ռազմագերիներին, լավ կլիներ՝ Ալիևը խոսեր Սումգայիթի, Բաքվի ջարդերից. Ալեն Սիմոնյան

Ադրբեջանը նախ պետք է բաց թողնի ռազմագերիներին, լավ կլիներ՝ Ալիևը խոսեր Սումգայիթի, Բաքվի ջարդերից. Ալեն Սիմոնյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյաը պատասխանեց հարցին, թե հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքման ո՞ր փուլում են գտնվում կողմերը:

Նա ընդգծեց, որ երբ հայկական ու ադրբեջանական կողմերը քննարկում են մի բան, համաձայնության են գալիս, դրանից հետո Ադրբեջանի նախագահն իր հայտարարություններով ու նոր պահանջներով սկսում է հարվածել այդ գործընթացին:

Ըստ ԱԺ նախագահի՝ Հայաստանն ու Ադրբեջանը հասել են խաղաղության պայմանագրի կնքման այն փուլին, որ բոլոր այն կետերը, որոնք խնդրահարույց են եղել ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի համար, մեծ մասն ունեն իրենց պատասխանները:

Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Ես դեռ անցյալ տարեվերջին ասացի, որ քաղաքական կամքի պարագայում խաղաղության պայմանագիրը կարելի է կնքել վաղը, բայց մենք իրավիճակի ենք ականատես լինում, երբ, օրինակ, հանդիպող կողմերը քննարկում են մի բան, համաձայնության են գալիս, հետո Ադրբեջանի նախագահը սկսում է հարվածել այդ գործընթացին:

Ալիևը փորձում է հարվածել խաղաղության գործընթացին: Ես տեսել եմ, որ նա նաև Խոջալուի հետ կապված է խոսել՛՛:

Սիմոնյանի խոսքով՝ լավ կլիներ, որ Ալիևը խոսեր Սումգայիթի ջարդերից, Բաքվի ջարդերից, այդ ցեղասպանությունից նախ պետք է խոսեր, եթե կողմերը գնում են խաղաղության:

՛՛Ադրբեջանը նախ պետք է բաց թողնի ռազմագերիներին, նաև իր երկրում քաղբանտարկյալներին, մենք ունենք մի մարդ, որը նույնիսկ զինվորական չէ, և որը գողացվել է Ադրբեջան-Հայաստան սահմանից և պահվում է այնտեղ, և ես մեծ մտահոգություն ունեմ Սուջյանի վերաբերյալ, որը հայտնել եմ բոլոր միջազգային կառույցներին և գործընկերներին՝ այդ տղայի առողջությանը և կյանքին կարող է վտանգ սպառնալ, որովհետև կոնկրետ այդ պարագայում հաշվեհարդար են տեսնում՛՛,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Նա նաև հավելեց, որ, Հայաստանը, այնուամենայնիվ, շարունակելու է խաղաղության իր ընտրած ուղին:

  • Կիսվել: