երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Ահազանգեր կան, որ երեկոյան ժամերին հնարավոր են հոսանքազրկումներ. 96 թիվը չի, որ հոսանքն անջատվելու դեպքում բոլորը սկսեն մոմ ման գալ մթության մեջ. Իոաննիսյան

Ահազանգեր կան, որ երեկոյան ժամերին հնարավոր են հոսանքազրկումներ. 96 թիվը չի, որ հոսանքն անջատվելու դեպքում բոլորը սկսեն մոմ ման գալ մթության մեջ. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ՀԿԿ-ի և իրավապահների բացահայտումները՝ ընտրակաշառքի ու այլ ընտրական հանցագործությունների վերաբերյալ, համարում է աննախադեպ ընտրական գործընթաց ապահովող հիմնական գործոն։ Այս մասին նա ասել է ընտրատեղամասերից մեկում՝ ճեպազրույցի ժամանակ։

«Մենք նախկինում չենք տեսել իրավապահների այսպիսի ինտենսիվ բացահայտումներ ընտրակաշառքի դեպքերի մասով։ Առհասարակ պետք է ասեմ, որ ընտրակաշառքի դեպքերը հետք չթողնող, լատենտային հանցագործություններ են, որոնց բացահայտումը դժվար է, և երբ բացահայտվում է մի դեպք, հասկանալի է, որ դա այսբերգի միայն երևացող մասն է»,- ասել է նա։

Իոաննիսյանը նշել է, որ ահազանգեր ունեն առ այն, որ երեկոյան ժամերին կարող են լինել որոշակի հոսանքազրկումներ՝ միգուցե կիբերհարձակումների կամ այլ մեխանիզմների հետևանքով։

«Թեև էլեկտրացանցի պատասխանատուները մեզ վստահեցրել են, որ էլեկտրացանցի յուրաքանչյուր տեղամասում պատասխանատու հերթապահ կա։ Ամեն ենթակայան հիմա խիստ վերահսկվում է ուժային կառույցների կողմից։ Ամեն դեպքում ուզում եմ ասել, որ եթե լինեն հոսանքազրկումներ, մենք ունենք գործողությունների հստակ ալգորիթմներ։ Նախ՝ 96 թիվը չի, որ հոսանքն անջատվելու դեպքում բոլորը սկսեն մոմ ման գալ մթության մեջ։ Բոլորը հեռախոսներ ունեն։ Տեսախցիկները շարունակելու են նկարահանել և հեռարձակել տեղի ունեցածը»,- ասել է նա։

 

  • Կիսվել: