շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ

Փետրվարի 25-ին Ժնևում տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ: 

Գործընկերներն անդրադարձան հայ-հունական բարեկամական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակի: Նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում եղբայրական Հունաստանի հետ հաստատված ջերմ հարաբերությունները՝ հիմնված դարերից եկող պատմական կապերի և փոխադարձ հարգանքի ու վստահության վրա:

Արտգործնախարարները վերահաստատեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խորացնելուն ուղղված համատեղ նախաձեռնություններով հադես գալու պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ անցյալ տարի հաստատված Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափը գալիս է համալրելու երկկողմ օրակարգը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին եռակողմ ձևաչափի շրջանակներում 2020 թ․ ապրիլին Երևանում կայանալիք առաջին գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ:

Դրական գնահատելով Հայաստանի և Հունաստանի միջև քաղաքական երկխոսության ներկայիս մակարդակը՝ արտգործնախարարները շեշտեցին բարձրաստիճան փոխայցելություններին և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններին նոր լիցք հաղորդելու կարևորությունը:

ԱԳ նախարարներ Մնացականյանը և Դենդիասը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերի, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների շուրջ:

  • Կիսվել: