Ադրբեջանը սահմանազատում կիրականացնի այնտեղ, որտեղ իրեն ձեռնտու է. Օհանյանը վստահ է, որ Ադրբեջանը ՍԴ-ի հավանությունն օգտագործելու է իշխանությունների վրա հետագա ճնշումների համար
Ադրբեջանը սահմանազատում կիրականացնի միայն այնտեղ, որտեղ իրեն ձեռնտու է։ Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի կանոնակարգը։
«Այն հակասությունները, որ կան կանոնակարգի մեջ, ներկայացվել են ՍԴ –ի հավանության արժանանալուն։ Եվ սա էլ հետագայում հիմք է հանդիսանալու, որ Ադրբեջանը ճնշի Հայաստանին` ասելով` նույնիսկ ձեր ՍԴ–ն է դրական կարծիք տվել դրան»,– ասաց Սեյրան Օհանյանը։
Ըստ նախկին նախարարի` այնտեղ առնվազն 2 կարևոր և անիրատեսական կետեր կան։ Առաջինը վերաբերում է Ալմա Աթայի հռչակագրի մասին կետում փոփոխություններ կատարելու հնարավորությանը հղում կատարելուն, երկրորդն էլ, որ կարելի է սահմանազատում և սահմանագծում իրականացնել հատվածական։
«Այսինքն` այնտեղ, որտեղ Ադրբեջանը ցանկանա, իր շահերից ելնելով, իրականացնելու է սահմանազատում, իսկ այնտեղ, որտեղ չցանկանա, չի անցկացնելու»,– ասաց նա։
Օհանյանը վստահ է, որ Ադրբեջանը ՍԴ-ի հավանությունն օգտագործելու է իշխանությունների վրա հետագա ճնշումների համար։