շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ադրբեջանը ռազմական բյուջեն է 20 տոկոս ավելացնում, մեր երկրի ղեկավարը` գինու շշով փարթի անում. Շարմազանով

Ադրբեջանը ռազմական բյուջեն է 20 տոկոս ավելացնում, մեր երկրի ղեկավարը` գինու շշով փարթի անում. Շարմազանով

Ադրբեջանի՝ 20 տոկոս ռազմական բյուջեի ավելացման պարագայում գինու շշով փարթիներ կազմակերպելը և ռեալիթի շոուի ռեժիմով ժողովրդին զվարճացնելը մեր պետության ղեկավարի պարտականությունների մեջ չի մտնում: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Նա նկատեց, որ այս 1,5 տարում Թուրքիան և Ադրբեջանը 3 անգամ համատեղ զորավարժություններ են կազմակերպել, շքերթներ են անցկացրել, խոսել են Հայաստանի վրա կոնկրետ ռազմական ագրեսիա իրականացնելու մասին. «Իսկ մեր քայլողների ղեկավարը խոսել է Ալիևի կիրթ և նորմալ լինելու մասին, Արցախի հարցում ունեցել է և ունի իրար հակասող հայտարարությունների շարան, որն անկեղծորեն թուլացնում է մեր դիրքերը բանակցություններում»:

Շարմազանովն ընդգծեց. «Կան ավելի կարևոր խնդիրներ մեր երկրում, քան ընտանեկան լուսանկարներ հրապարակելն է»: Նրա խոսքով` Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել է, որ մեր երկրի ռազմական բյուջեն ավելանալու է. «Ադրբեջանի ռազմական բյուջեն 20 տոկոսով ավելանում է, իսկ մեր բյուջեն գրեթե չի ավելանում: Այստեղ մենք ունենք խոսքի և գործի անհամարժեքություն: Ես չեմ ուզում ասել՝ վարչապետը սուտ է խոսում, խաբում է, բայց մենք գործ ունենք մի մարդու գործունեության հետ, որը ամենակարևոր  հարցում հայտարարում է մի բան, իրականացնում է լրիվ այլ բան»:

  • Կիսվել: