հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Ադրբեջանին կարելի էր համեմատել կոկա-կոլայի հետ, Տիգրան Մեծի ժամանակների հետ համեմատությունը շատ ճոխ էր. քաղաքագետ

Ադրբեջանին կարելի էր համեմատել կոկա-կոլայի հետ, Տիգրան Մեծի ժամանակների հետ համեմատությունը շատ ճոխ էր. քաղաքագետ

Ալիևը չթաքցրեց, որ առաջ է տանելու այն նույն կեղծ թեզերը, որոնցով առաջնորդվում է, և մեր բախտը բերեց, որ, ինչպես Փաշինյանը, Ալիևը նույնպես լավ չէր պատրաստվել: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ժամանակ ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև մյունխենյան հանդիպմանը:

Համբարյանը ցավով նշեց, որ Ալիևի կողմից կային բազմաթիվ կետեր, որոնց Փաշինյանը չարձագանքեց, մինչդեռ ադրբեջանական կողմը կարողացավ այդ կերպ առաջ տանել իր կեղծ թեզերը:

«Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ էթնիկ դրություն է եղել 1989 թ. Արցախում: Ալիևն այդ թիվը 8000-ով ավելացրեց՝ հօգուտ իրենց, և 5-6 հազարով նվազեցրեց հայերի թիվը: Նա նշեց, որ հայերն իբրև թե գրավել են Արցախի 20 տոկոսը և այլն»,-ասաց Համբարյանը՝ թվարկելով նաև այլ թեզեր, որոնց, իր խոսքով, Փաշինյանը պիտի արձագանքեր, սակայն լռեց:

«Ցավոք սրտի, Փաշինյանը նախկինների նույն մարտավարությունն է շարունակում»,-հավելեց նա:

Քաղաքագետի խոսքով՝ անընդունելի էր նաև հայկական կողմի խաղաղասիրական կեցվածքը:

«Ադրբեջանն օգտագործեց հայերի կողմից իբրև թե ադրբեջանցիներին էթնիկ զտման ենթարկելու թեզը, իսկ Փաշինյանը չարձագանքեց, մինչդեռ Ադրբեջանը մեր խաղաղասիրական, ուտոպիստական, դեմագոգիկ հայտարարություններն ընկալում է որպես թուլություն»,-ասաց Համբարյանն ու նշեց, որ մենք այդ հանդիպման ժամանակ առաջ տարանք կեղծ թեզեր՝ միկրո և մակրո հեղափոխության մասին:

«Ադրբեջանին կարելի էր համեմատել կոկա-կոլայի հետ, որովհետև կոկա-կոլան ավելի հին է, քան Ադրբեջանը, իսկ Տիգրան Մեծի ժամանակաշրջանի հետ Ադրբեջանին համեմատելը շատ ճոխ էր նրանց համար»,-եզրափակեց քաղաքագետը:

Նա անդրադարձավ նաև սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, ասաց, որ Հայաստանում օրենքները յուրայինների և ոչ յուրայինների համար են, իսկ իշխանությունը մտածում է հայաստանում մենիշխանություն մտածելու մասին:

«Ինձ մինչև հիմա ոչ ոք չի բացատրել, թե ինչով է Հրայր Թովմասյանը խանգարում հեղափոխությանը, և եթե, ըստ Փաշինյանի, Տիգրան Մուկուչյանը 2013-ին կեղծել էր ընտրությունները, ապա ինչու՞ է ներկայիս իշխանությունը նրա հետ համագործակցում, իսկ Թթովմասյանը, որը, ըստ նրանց, լեգիտիմացրել էր այդ կեղծված ընտրությունները, հանցագործ է»,-ասաց քաղաքագետը:

«Այն, ինչ տեղի է ունենում ՍԴ-ի շուրջ, զուտ նեղ անձնական և նեղ թայֆայական շահ է, պարոն Փաշինյանը չի կարող ընկալել այն, որ Հայաստանում կան օղակներ, որոնք գործում են անկախ կամ չեն ենթարկվում իրեն»,-ամփոփեց Գագիկ Համբարյանը:

  • Կիսվել: