կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգի վերաբերյալ կոնկրետ որևէ բան չեմ կարող ասել. Պեսկովն արձագանքել է Փաշինյանին

«Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգի վերաբերյալ կոնկրետ որևէ բան չեմ կարող ասել. Պեսկովն արձագանքել է Փաշինյանին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ Բաքվի կողմից առաջ մղվող «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգի վերաբերյալ։

«Ցավոք, ես ոչինչ չեմ կարող ասել, քանի որ պետական ​​մակարդակով ծանոթ չեմ Ադրբեջանի նման հայտարարություններին, մենք լսել ենք բոլորովին այլ հայտարարություններ Ադրբեջանի ղեկավարությունից, որոնք խոսում են մեկ փուլի ավարտի, և խաղաղության պայմանագրի կնքմանը պատրաստ լինելու անհրաժեշտության մասին»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

«Հետևաբար, պարոն Փաշինյանի հայտարարության այդ հատվածի մասին կոնկրետ որևէ բան չեմ կարող ասել», - հավելել է Պեսկովը։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին հայտարարել էր, որ Ադրբեջանում բարձրագույն հովանավորությամբ և, ըստ էության, պաշտոնական մակարդակում Հայաստանի Հանրապետությունը սկսել են կոչել «Արևմտյան Ադրբեջան»։

«Չափազանց կասկածելի է թվում նաև այն, որ Ադրբեջանում բարձրագույն հովանավորությամբ և, ըստ էության, պաշտոնական մակարդակում Հայաստանի Հանրապետությունը սկսել են կոչել «Արևմտյան Ադրբեջան»: Եվ այս հայեցակարգն ուսուցանում են դպրոցներում, համալսարաններում, պետական լրատվամիջոցներով: Սա մեզ նոր պատերազմ, Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիա կազմակերպելու նախապատրաստություն է թվում, և խաղաղության գործընթացի առաջընթացի հիմնական խոչընդոտներից է», - ասել էր Փաշինյանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: