Ադրբեջանի ու Թուրքիայի գլխավոր նպատակը ՀՀ-ին իրենց տանդեմի ուղիղ վերահսկողության տակ դնելն է. Աբրահամյան
Հայաստանի իշխանությունների՝ հանրությանն իջեցվող կեղծ խաղաղասիրական օրակարգի, իսկ իրականում՝ խիստ անհամաչափ զիջողականության պայմաններում, Ադրբեջանը սպառազինության, ռազմական տեխնիկայի հսկայական գնումներ է իրականացնում: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ի տարբերություն նախորդ շրջափուլերի, Ադրբեջանն իր ռազմական մատակարարումների ծավալը, տեխնիկական միջոցների տեսականին ու մոդելները հիմնականում պահում է գաղտնի
Ինչպես 2020 թվականի պատերազմից հետո, այնպես էլ հիմա՝ որոշակի դիվանագիտական քողարկվածությամբ, Ադրբեջանը պնդում է, որ ուժի կիրառման միջոցով Հայաստանի հետ խնդիրներ լուծելու միջոցն իր օրակարգում է, նաև ընդգծելով, որ աշխարհում հարց լուծողը ոչ թե իրավունքն է, այլ ուժը: Սրան համընթաց՝ Ադրբեջանը նոր պահանջ է իջեցնում Հայաստանին՝ փորձելով հասնել մեր երկրի ապառազմականացմանը:
Զուգահեռ՝ Ադրբեջանը պարբերական տեղեկատվական հարձակումներ է գործում՝ փորձելով արտաքին լսարանին ցույց տալ, թե իբր առաջնագծի տարբեր ուղղություններով Հայաստանը պարբերաբար հրադադարի ռեժիմի խախտումներ է թույլ տալիս:
Ի հեճուկս այս ամենի՝ Հայաստանի իշխանությունն իր խոսույթով ու վարքագծով լեգիտիմացնում է Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքը, ինչն առավել վտանգավոր է դարձնում Ադրբեջանի հետագա պահվածքը»,-ընդգծեց պատգամավորը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի ու Թուրքիայի գլխավոր նպատակը Հայաստանին այնպիսի իրավիճակում դնելն է, որի պայմաններում երկիրը, միգուցե, ֆորմալ պետականության խորհրդանիշներ կունենա, սակայն անմիջականորեն հայտնվի թուրք-ադրբեջանական տանդեմի ուղիղ վերահսկողության տակ: