երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
«Ադրբեջանի «պատճառաբանությունը», թե նոյեմբերի 10-ից հետո գերեվարվածները ռազմագերիներ չեն, լկտի սուտ է». Զոհրաբյանը կոչ է արել ԵԽ-ին՝ օգտագործել բոլոր լծակները՝ հայ ռազմագերիների ազատության համար

«Ադրբեջանի «պատճառաբանությունը», թե նոյեմբերի 10-ից հետո գերեվարվածները ռազմագերիներ չեն, լկտի սուտ է». Զոհրաբյանը կոչ է արել ԵԽ-ին՝ օգտագործել բոլոր լծակները՝ հայ ռազմագերիների ազատության համար

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը մեկնարկել է և քաղաքական խմբերում սկսվել է հայ ռազմագերիների հարցի քննարկումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Եվրոպայի ռեֆորմիստների և ժողովրդավարների քաղաքական խմբում հայ ռազմագերիների վերաբերյալ քննարկումը ևս բավականին թեժ էր։

Ես ներկայացրել եմ անհերքելի փաստեր՝ հաստատված Կարմիր Խաչի և Եվրոպական դատարանի կողմից հայ ռազմագերիների թվի վերաբերյալ, ներկայացրել եմ փաստեր հայ ռազմագերիների խոշտանգումների վերաբերյալ  և խոսել եմ միջազգային իրավունքի և միջազգային այն կոնվենցիաների մասին, ըստ որոնց, Ադրբեջանը պարտավոր է առանց որևէ նախապայմանի վերադարձնել հայ ռազմագերիներին:

Նշել եմ նաև, որ Ադրբեջանի «պատճառաբանությունը», թե նոյեմբերի 10-ից հետո գերեվարվածները ռազմագերիներ չեն, անամոթ և միջազգային իրավունքը ոտնահրող լկտի սուտ է և կոչ եմ արել Եվրոպայի Խորհրդին օգտագործել իր բոլոր լծակները՝ հայ ռազմագերիների ազատության համար։

Բնականաբար, ադրբեջանական պատվիրակության անդամները, խեղաթյուրելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, կրկին շեշտեցին, որ նոյեմբերի 10-ից հետո գերեվարվածները ռազմագերիներ չեն և նրանց հանդեպ դեռևս իրավական-դատական գործընթաց պիտի տեղի ունենա, և չունենալով որևէ լուրջ հակափաստարկ, նրանք սկսեցին խոսել, որ անցած 30 տարիներին «զավթվել» ու «ավիրվել» են իրենց տարածքները:

Հայ ռազմագերիների հարցի հիմնական քննարկումը տեղի կունենա վաղը՝ օրվա երկրորդ կեսին  և քանի որ քաղաքական հիմնական խմբերում գերակշիռ է տեսակետը, որ Ադրբեջանը անհապաղ պիտի կատարի Ժնևի 3-րդ կոնվենցիան և ազատ արձակի հայ բոլոր ռազմագերիներին,  վստահ եմ, որ քննարկումները արդյունավետ են լինելու»,- գրել է նա։

  • Կիսվել: