կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Ադրբեջանի կողմից ռասայական խտրականության փաստերը պիտի օգտագործենք խաղաղության բանակցություններում մեր դիրքորոշումները հիմնավորելու համար. ՀՀ վարչապետ

Ադրբեջանի կողմից ռասայական խտրականության փաստերը պիտի օգտագործենք խաղաղության բանակցություններում մեր դիրքորոշումները հիմնավորելու համար. ՀՀ վարչապետ

ԼՂ կարգավիճակի հարցում մեզ համար չափազանց կարեւոր է հայաստանյան դիրքորոշումների միջազգային լեգիտիմության ամրապնդումը: Այս մասին ապրիլի 13-ին Ազգային ժողովում ունեցած իր ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս առումով էական է այն դատական հայցի հանգուցալուծումը, որը Հայաստանը 2021թ. սեպտեմբերի 16-ին ներկայացրել է ընդդեմ Ադրբեջանի՝ Արդարադատության միջազգային դատարան: Հայցը հիմնված է ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին կոնվենցիայի վրա, եւ մենք հույս ունենք, որ հայցի հանգուցալուծումը, որը, ցավոք, շատ արագ չի լինի, էական գործոն կդառնա Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների պաշտպանության ոլորտում եւ կբարձրացնի ԼՂ կարգավիճակի մասին միջազգային հանրության ունեցած պատկերացումների նշաձողը»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ այսօր էլ պիտի ընդգծենք, որ Ադրբեջանն իր գործողություններով ավելի ու ավելի հիմնավոր է դարձնում այդ երկրին (Ադրբեջանին) ազգային ատելության քաղաքականություն վարելու մեջ մեղադրող մեր հայցը: Այդպիսի մի գործողություն Բաքվում բացված ավարի խայտառակ պուրակն էր, որտեղ ցուցադրվում էին հայ արնահոսող զինվորների մանեկեններ եւ որոնց ֆոնին լուսանկարվում էին պետական մակարդակով պուրակ տարվող ժպտերես ադրբեջանցի դպրոցականները: Նշված մանեկեններն այդտեղից դուրս բերվեցին հենց միջազգային դատարանի որոշման արդյունքում:

Շարունակելով Ադրբեջանի վարած ռասիստական քաղաքականության թեման՝ ՀՀ վարչապետը նկատեց, որ դրա կարեւորագույն ապացույցներից մեկը հայկական եկեղեցիների վրայից հայկական արձանագրությունները վերացնելու աշխատանքային խմբի ձեւավորումն է Ադրբեջանի մշակույթի նախարարությունում:

«Այս բոլոր փաստերը մենք մանրամասնորեն պիտի օգտագործենք Արդարադատության միջազգային դատարանում: Այդ փաստերը պիտի դարձնենք Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների պաշտպանության էֆեկտիվ մեխանիզմների գործարկման անհրաժեշտության հիմնավորում:

Եւ իհարկե, այդ փաստերը պիտի օգտագործենք խաղաղության բանակցություններում մեր դիրքորոշումները հիմնավորելու եւ դրանց միջազգային լեգիտիմությունն ապահովելու համար»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

 

  • Կիսվել: