շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցնելը հեշտ չի եղել. Արման Եղոյան

Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցնելը հեշտ չի եղել. Արման Եղոյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը ստորագրումը խաղաղության գործընթացի փուլերից մեկն է լինելու:

Այս մասին խորհրդարանական ճեպազրույցում ընդգծեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը: 

«Խաղաղության համաձայնագիրը խաղաղության գործընթացի մասերից մեկն է, առաջնային, անհրաժեշտ մասերից մեկն է: Արդեն փաստ է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է, երկու կողմերն էլ ընդունում են: Եվ միայն այս փաստն արդեն իսկ մեզ համար դիվանագիտական ձեռքբերում է: 

Ադրբեջանի մոտեցումները, իհարկե, կառուցողական չեն այս փուլում: Բայց դրանք չեն նսեմացնում մեր ջանքերը, մեր ձեռքբերումները խաղաղության համաձայնագրի բանակցություններում»,–ասաց նա: 

Պատգամավորն ընդգծեց, որ համաձայնագրի տեքստը համաձայնեցնելը հեշտ չի եղել: Բանակցությունները տևել են 3 տարի: 

«Այդ տեքստում ամեն ստորակետի շուրջ շատ տևական քննարկումներ են եղել Հայաստանի համապատասխան մարմիններում: Եվ բոլոր հնարավոր կողմերից մենք բոլոր տողերը և բառերը վերլուծել ենք՝ համեմատելով նաև աշխարհաքաղաքական զարգացումների հետ: Եվ այսօր հասել ենք այդ արդյունքին: Մնացածը դուք տեսնում են, տեսնում եք, թե Ադրբեջանն ինչպես է արձագանքում: Բայց դուք նաև պետք է նկատեք, թե մյուսներն ինչպես են արձագանքում Ադրբեջանի արձագանքին: Սա ևս կարևոր է»,–ասաց նա: 

Եղոյանը հավելեց՝ նորություն չէ, որ Ադրբեջանը կարող է ապակառուցողական արձագանքել, բայց թե ինչպես աշխարհը դա կընկալի, ինչպես միջազգային դերակատարները կվերաբերվեն այս բանակցություններին, ինչպես կդիրքավորվեն, դրանից է նաև կախված՝ բանակցությունները, խաղաղության գործընթացը հաջողո՞ւմ են, թե՞ չեն հաջողում: «Եթե այդ պրիզմայով նայենք, այս պահին մենք ճիշտ ճանապարհի վրա ենք»,–ասաց պատգամավորը՝ կրկնելով, որ փաստաթուղթը ստորագրելը խաղաղության գործընթացի փուլերից մեկն է: 

 

  • Կիսվել: