երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ադրբեջանի գործողություններին արձագանքի բացակայությունը կանաչ լույս կվառի Հայաստանի դեմ ագրեսիայի համար. Լոու

Ադրբեջանի գործողություններին արձագանքի բացակայությունը կանաչ լույս կվառի Հայաստանի դեմ ագրեսիայի համար. Լոու

Դեռ 2023 թվականի հունվարին մենք հասկացանք Ադրբեջանի կողմից կիրառվող մարտավարությունը և զգուշացրինք, որ առանց միջազգային հանրության կողմից բավարար արձագանքի՝ Լեռնային Ղարաբաղում տեղի կունենան լայնամասշտաբ էթնիկ զտումներ, ինչն էլ  հենց տեղի ունեցավ. Ալիևը ցանկանում էր ստիպել Լեռնային Ղարաբաղի հայերին լքել իրենց հայրենիքը։

Այդ մասին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում «Լեռնային Ղարաբաղից հայ փախստականներին միջազգային աջակցություն» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է Շոտլանդիայի ազգային կուսակցության անդամ Քրիս Լոուն:

Նա ՄԹ կառավարությանը խնդրել է հստակեցնել՝ ինչ քննարկումներ են եղել Ադրբեջանի իշխանությունների հետ՝ կապված Լեռնային Ղարաբաղից փախածների վերադարձի իրավունքի հետ, և ինչ երաշխիքներ կարող է տրամադրել Ադրբեջանը տեղահանվածների անվտանգության համար՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշման համաձայն:

Պատգամավորը հիշեցրել է Ադրբեջանի նախագահի հակահայկական հայտարարությունները, նշել, որ Ադրբեջանը նպատակ ունի ոչնչացնել ԼՂ մշակութային ժառանգությունը, ինչպես դա տեղի է ունեցել Նախիջևանում:

«Ամոթալի է, որ Միացյալ Թագավորության կառավարությունը նույնպես բրիտանական բիզնեսին խրախուսում է մասնակցել Լեռնային Ղարաբաղի հետ կապված Ալիևի ծրագրերին»,- ասել է պատգամավորը:

Լոուն նշել է, որ համապատասխան արձագանքի բացակայությունը կանաչ լույս կվառի Հայաստանի նկատմամբ հետագա ագրեսիայի համար:

  • Կիսվել: