Ադրբեջանի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են Ադբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի ներկայիս իրավիճակը
Այսօր հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակվել Ադբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի ներկայիս իրավիճակի և հեռանկարի, ինչպես նաև ադրբեջանաամերիկյան համագործակցության օրակարգի վերաբերյալ:
Բայրամովը խոսել է հաշտության պայմանագրի շուրջ բանակցությունների, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և սահմանազատման խնդիրների մասին:
Իր հերթին Քերըն Դոնֆրիդն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները սատարում է տարածաշրջանում կայունություն ապահովելու ջանքերը, կարևորել է խաղաղության գործընթացի շարունակումը՝ «երկու երկրների լիդերների և արտաքին գործերի նախարարների միջև ձեռք բերված համաձայնությունների շրջանակում»: