շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ադրբեջանցիներն այս անգամ չեն խուսափել հայերից. «Հրապարակ»

Ադրբեջանցիներն այս անգամ չեն խուսափել հայերից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Միջխորհրդարանական միության 146-րդ վեհաժողովին մասնակցելու համար մարտի 11-15-ը Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը գործուղվել էր Մանամա (Բահրեյնի Թագավորություն)։ Այցն աչքի ընկավ ուշագրավ միջադեպով, որի մասին հանրությանն իրազեկեց անձամբ ԱԺ նախագահը՝ իր էջում։ «Բահրեյնում ելույթիցս հետո ինձ մոտեցան ադրբեջանցի լրագրողները եւ խնդրեցին պատասխանել երկու հարցի: Ի պատասխան ասացի, որ, միեւնույն է` չեք ցուցադրելու»,- գրել էր Սիմոնյանը եւ ներկայացրել իր եւ լրագրողի միջեւ ծավալված երկխոսությունը. «Չէ, չէ, ի՞նչ եք ասում, REAL TV-ն հաստատ կցուցադրի, պատասխանեց ինձ լրագրողը: Հարցրեցին կրակոցների մասին, որի հետեւանքով ԼՂ երեք ոստիկան էր զոհվել: Ասացի՝ մարդկանց կյանքի հետ մի խաղացեք, մենք զենք ԼՂ չենք տեղափոխում, իզուր մի փնտրեք: Երկրորդ հարցը վերաբերում էր ականներին: Պատասխանեցի, որ նույնիսկ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն է արձանագրել, որ նման բան չկա: Մինչ հիմա ոչ մի կտոր այդ հարցազրույցից հրապարակված չէ: Փոխարենը ձոն է հնչում, թե ինչպես Սագիբա Գաֆարովան՝ Միլիմեջլիսի նախագահը, բացահայտեց ՀՀ ԱԺ նախագահի ստերը, որ իրականում Լաչինի միջանցքը բաց է, եւ որ հայերը 30 տարի օկուպացրել էին իրենց տարածքները եւ այլն, եւ այլն: Կարճ ասած՝ հին ադրբեջանական սկավառակի նոր պրեզենտացիա»: Վերջում էլ ԱԺ նախագահն «ազատություն» էր մաղթել հարեւան երկրի ժողովրդին եւ մամուլին։

Այս հրապարակումից հետո շատերին հետաքրքրեց՝ ինչպես ու ինչ հանգամանքներում է տեղի ունեցել ԱԺ նախագահի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Բանն այն է, որ խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում տեղի ունեցող միջոցառումների ժամանակ, որպես կանոն, հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների միջեւ շփումներ տեղի չեն ունենում: Հատկապես պատերազմից հետո Ադրբեջանի ներկայացուցիչները դեմոնստրատիվ կերպով հրաժարվել են բոլոր հնարավոր շփումներից: Անգամ միջոցառումներից հետո տեղի ունեցող հյուրասիրությանն են հրաժարվել մասնակցել, քանի որ պետությունների ներկայացուցիչները սեղանի շուրջ տեղավորվում են այբբենական հերթականությամբ, եւ ստացվում է այնպես, որ մեր եւ հարեւան պետության ներկայացուցիչները բավականին մոտ պետք է նստեն։ Կողմերի «փոխհարաբերությունը» դրսեւորվել է միայն նրանով, որ ամբիոնից արձագանքել-հակադարձել են միմյանց ելույթներին։ Նույն գծի մեջ էլ իրենց պահել են նաեւ պատվիրակությունների այցերը լուսաբանող երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչները:

ԱԺ նախագահի մամուլի խոսնակից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է տեղի ունեցել Բահրեյնի հանդիպումը, ո՞ւմ նախաձեռնությամբ, գուցե երրորդ կողմի միջնորդական առաքելության արդյո՞ւնքն է եղել։ Ծովինար Խաչատրյանը մեզ փոխանցեց, որ հայկական կողմի համար եւս զարմանալի է եղել, երբ ԱԺ նախագահի ելույթից հետո ադրբեջանցիները, սովորույթի համաձայն, մեր պատվիրակներին հայացքներով զննելուց հետո ի վերջո մոտեցել են ԱԺ նախագահին` հարցազրույցի խնդրանքով։ Խոսնակը տեղեկացրեց, որ ադրբեջանական հիշյալ լրատվամիջոցը միայն Ալեն Սիմոնյանի կողմից իր հարցազրույցի մանրամասները հրապարակայնացնելուց հետո է ընդհանուր ռեպորտաժ պատրաստել՝ չհրապարակելով նրա խոսքը: Խոսնակն ասաց. «Ես նույնիսկ իմ հեռախոսահամարը փոխանցեցի, որ նյութը պատրաստելիս խնդիրների դեպքում զանգահարեն, իսկ իրենք հրաժարվեցին իրենցից կոնտակտային տվյալներ փոխանցել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

  • Կիսվել: