երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Զելենսկին Վրաստանի վարչապետի հետ քննարկել է Սաակաշվիլիի ձերբակալության շուրջ ստեղծված իրավիճակը

Զելենսկին Վրաստանի վարչապետի հետ քննարկել է Սաակաշվիլիի ձերբակալության շուրջ ստեղծված իրավիճակը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի ձերբակալության շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնում է apsny.ge կայքը, փոխանցում է akhaltskha.net-ը:

«Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հեռախոսազրույցում ես ընդգծել եմ, որ Ուկրաինայի քաղաքացի Միխայիլ Սաակաշվիլիի իրավունքները պետք է լիովին երաշխավորվեն միջազգային նորմերին համապատասխան»,-գրել է Զելենսկին իր Twitter-ի էջում։

Բացի այդ, ըստ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության, Զելենսկին հայտարարել է, որ անթույլատրելի է Սաակաշվիլիի նկատմամբ «անհամաչափ հարկադրանքի միջոցներ» կիրառելը։ Ղարիբաշվիլիի պատասխանը շատ կոշտ է եղել։ Հեռախոսազրույցի ժամանակ նա ասել է, որ անթույլատրելի է Ուկրաինայի քաղաքացիների, այդ թվում՝ Միխայիլ Սաակաշվիլիի միջամտությունը երկրի ներքին գործերին։

«Վրաստանի կառավարության ղեկավարը հեռախոսազրույցի ընթացքում Միխայիլ Սաակաշվիլիի անօրինական գործողությունները գնահատել է որպես սադրանք, ապակառուցողական քայլ, որը սպառնում է երկրի կայունությանը, եւ ասել է, որ Ուկրաինայի քաղաքացիների միջամտությունը Վրաստանի ներքին գործերին անընդունելի է»,-ասվում է Վրաստանի կառավարության վարչակազմի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Միաժամանակ Ղարիբաշվիլին փաստացի բացառել է Սաակաշվիլիի մոտ ուկրաինացի բժիշկներին ընդունելու հնարավորությունը։ Վարչապետն ընդգծել է, որ «նախկին նախագահի առողջական վիճակի մասին հոգում են վրացի պրոֆեսիոնալ եւ բարձր որակավորում ունեցող բժիշկները»։

  • Կիսվել: