Զելենսկին հայտնել է, որ ԱՄՆ-ն փոխում է Ուկրաինայի հետ ընդերքի մասին գործարքի քննարկման կանոնները
ԱՄՆ-ն փոխում է Ուկրաինայի հետ ընդերքի մասին գործարքի քննարկման կանոնները, ուստի դեռ վաղ է դրա եզրակացության մասին խոսելը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում է РБК-Украина-ն:
Նշվում է, որ Ննա ընդգծել է, որ առայժմ մտադիր չէ մեկնել Վաշինգտոն, և որ այդ հարցն օրակարգում չկա:
Զելենսկին նաև նշել է, որ Ուկրաինան Միացյալ Նահանգներից ակնկալում է ընդերքի գործարքի վերջնական տարբերակը. ՛՛Ինձ թվում է՝ մենք արդեն պայմանավորվել ենք, որ կլինի շրջանակային համաձայնագիր, այնուհետև՝ ամբողջական: Հիմա, ինչպես հասկանում եմ, ուկրաինա-ամերիկյան թիմերն աշխատում են դրա վրա, քանի որ Ամերիկան այժմ փոխում է այս կանոնները և անմիջապես առաջարկում է ամբողջական համաձայնագիր, և ամբողջական համաձայնագիրը պահանջում է մանրամասն ուսումնասիրություն, քանի որ դրանք լուրջ համաձայնագրեր են, որոնք վավերացվում են խորհրդարանում՛՛՛:
Ըստ Զելենսկիի՝ իրավաբանները ևս պետք է աշխատեն նման փաստաթղթի վրա։
Նրանք արդեն պայմանավորվել էին շրջանակային գործարքի շուրջ, սակայն այժմ ՛՛կանոնները փոխվում են՛՛:
՛՛Մենք պետք է այստեղ գործենք զուսպ, հանգիստ, նայենք համաձայնագրին, իրավաբանները կուսումնասիրեն այն: Կան համարժեք բաներ, մենք կաջակցենք, եթե հարցեր լինեն, կգտնենք պատասխաններ: Հետևաբար, վաղ է խոսել համաձայնագրի մասին, որի տարբերակը մի քանի անգամ փոխվել է: Բայց ես չեմ ուզում, որ ԱՄՆ-ն ունենա այն զգացումը, թե Ուկրաինան ընդհանրապես դեմ է դրան։ Մենք դրական ազդակներ ենք ցույց տվել, և կողմ ենք Միացյալ Նահանգների հետ համագործակցությանը՛՛,-ասել է Ուկրաինայի նախագահը: