Զելենսկիի որոշմամբ Երմակի փոխարեն խաղաղության հարցով կբանակցի Ումերովը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փոփոխություններ է կատարել «խաղաղության պլանի» շուրջ բանակցությունների պատվիրակության կազմի վերաբերյալ իր հրամանագրում, տեղեկացնում է Եվրոպեյսկայա պրավդա-ն:
Ըստ այդմ՝ Անդրեյ Երմակի փոխարեն պատվիրակությունը կգլխավորի Ռուստեմ Ումերովը։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի կայքում:
Հիշեցնենք, որ Ննոյեմբերի 22-ին Զելենսկին ստորագրել է հրամանագիր՝ Ուկրաինայի պատվիրակություն ստեղծելու մասին՝ «ԱՄՆ-ի և Ուկրաինայի այլ միջազգային գործընկերների, ինչպես նաև ՌԴ ներկայացուցիչների հետ արդար և կայուն խաղաղության հասնելու շուրջ» բանակցային գործընթացին մասնակցելու համար։
Զելենսկին այնուհետև պատվիրակության ղեկավար է նշանակել Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակին։
Ըսդտ փոփոխությունների՝ ուկրաինական պատվիրակության նոր ղեկավարը երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովն է։
Բացի դրանից, թարմացված հրամանագրի համաձայն, պատվիրակության կազմում է եղել Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության պետի տեղակալ Վադիմ Սկբիցկին։
Ուկրաինայի նախագահի գրասենյակից լրագրողներին նաև հայտնել են, որ նոյեմբերի 29-ին Ումերովն արդեն զեկույց է ներկայացրել նախագահին ամերիկյան կողմի հետ հանդիպումների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ։
Ուկրաինայի նախագահի գրասենյակը հավելել է, որ ուկրաինական պատվիրակությունն արդեն մեկնում է Միացյալ Նահանգներ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ուրբաթ օրը Վլադիմիր Զելենսկին, կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների կողմից Երմակի տանը խուզարկություններից հետո, ազատել է Անդրեյ Երմակին նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։


