շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Պուտինը և Մակրոնը կարևորել են ՄԱԳԱՏԷ-ի առաքելության շուտափույթ ուղարկումը Զապորոժիեի ԱԷԿ

Պուտինը և Մակրոնը կարևորել են ՄԱԳԱՏԷ-ի առաքելության շուտափույթ ուղարկումը Զապորոժիեի ԱԷԿ

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը հեռախոսով քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի տարբեր ասպեկտներ:

Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցը կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ:

«Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, ընդգծել է, որ Ուկրաինայի զինվորականների կողմից Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի տարածքի պարբերական գնդակոծությունները մեծ աղետի առաջացման վտանգ են ստեղծում, որը կարող է հանգեցնել լայնատարած ճառագայթային վարակման»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ նախագահները կարևորել են ՄԱԳԱՏԷ-ի առաքելության շուտափույթ ուղարկումը Զապորոժիեի ԱԷԿ. առաքելությունը կկարողանա տեղում գնահատել իրական վիճակը: Ռուսական կողմը հաստատել է գործակալության տեսուչներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը։

«Վլադիմիր Պուտինը նաև հիշեցրել է ՄԱԿ-ի քարտուղարությանը և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի փորձագետներին ուղղված՝ Ելենովկայում գտնվող քննչական մեկուսարան այցելելու հրավերի մասին, որտեղ Ուկրաինայի ԶՈւ-ի հրթիռային հարվածի հետևանքով զոհվել են այնտեղ պահվող մեծ թվով ուկրաինացի ռազմագերիներ»,- հայտնել են Կրեմլում:

  • Կիսվել: