Զախարովան վստահեցնում է՝ ՌԴ-ն կկատարի բոլոր պարտավորությունները գործընկերների նկատմամբ
Ներկայումս մենք նշում ենք ամերիկյան կառավարական էմիսարների բարձր ակտիվությունը, որոնք գործում են նաեւ օտար երկրներում ԱՄՆ դեսպանատների միջոցով եւ բացահայտ ճնշում գործադրելով այն երկրների ռազմաքաղաքական ղեկավարության վրա, որոնց ուժային կառույցներն ունեն ռուսական (խորհրդային) արտադրության ավիացիոն սարքավորումներ (ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ)՝ նպատակ ունենալով դադարեցնել դրանց շահագործումը եւ հետագայում արեւմտամետ միջնորդների միջոցով փոխանցել Կիեւի ռեժիմին։ Այս մասին ասված է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ, գրում է EADaily-ն:
՛՛Որպես հիմնական փաստարկ՝ նրանք չարամտորեն առաջ են մղում ենթադրություններն այն մասին, որ ժամանակակից պայմաններում Ռուսաստանի Դաշնությունն իբր անկարող է ապահովել դրանց որակյալ տեխնիկական սպասարկումը եւ վերանորոգման համար անհրաժեշտ օրիգինալ պահեստամասերի մատակարարումը:
Ողջ պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ Ռուսաստանն անշեղորեն կկատարի բոլոր
համապատասխան պարտավորություններն իր գործընկերների նկատմամբ՝ առկա եւ ապագա նախագծերում՛՛,-նշել է Զախարովան։
Միեւնույն ժամանակ նա հավելել է, որ, իսկապես, հազվադեպ դեպքերում ռուսական հատուկ արտադրանքի մատակարարման հետաձգումներ եղել են: ՛՛Սակայն իրերի այս վիճակը պարզապես հետեւանք է մեր երկրի հետ համագործակցող միջազգային տրանսպորտային ընկերություններին ուղղված ՛՛կոլեկտիվ Արեւմուտքի՛՛ աննախադեպ պատժամիջոցների սպառնալիքների՛՛,-ասել է Զախարովան։


