կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Յոզեֆ Բլատերը և Միշել Պլատինին արդարացվեցին

Յոզեֆ Բլատերը և Միշել Պլատինին արդարացվեցին

ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատերը և ՈՒԵՖԱ-ի նախկին ղեկավար Միշել Պլատինին արդարացվել են խարդախության և կոռուպցիայի գործի շրջանակում։ Այդ մասին հայտնում  է AFP գործակալությունը։

Շվեյցարիայի դաշնային քրեական դատարանը չի բավարարել դատախազության պահանջը, որը նախկին չինովնիկների համար պահանջել էր 1 տարի 8 ամիս պայմանական ազատազրկում։

2021թ. նոյեմբերի 2-ին Շվեյցարիայի դաշնային դատախազությունը մեղադրանք էր առաջադրել Բլատերին ու Պլատինիին՝ կապված վերջինիս օգտին ՖԻՖԱ-ի կողմից 2 միլիոն շվեյցարական ֆրանկ (մոտ 2,2 միլիոն դոլար) անօրինական վճարման համար։ Նրանց մեղադրանք էր առաջադրվել նաև խարդախության, վստահության չարաշահման և թանկարժեք արժեթղթերի կեղծման մեջ:

1998-2002 թվականներին Միշել Պլատինին աշխատել է որպես ՖԻՖԱ-ի նախագահի խորհրդատու։ Նա տարեկան 300 հազար շվեյցարական ֆրանկ վարձատրություն էր ստացել։ Սակայն, դատախազության փաստաթղթում նշված է, որ «խորհրդատուի իր գործունեությունից ավելի քան 8 տարի անց նա հայտարարել է 2 միլիոն ֆրանկ պարտքի առկայության մասին»։ Յոզեֆ Բլատերի օգնությամբ համապատասխան վճարումները կատարվել են 2011 թվականի սկզբին։ Դաշնային դատախազության տվյալներով այդ «վճարումը կատարվել է առանց հիմնավորման»։ Հետևաբար, դատախազությունը եզրակացրել է, որ նրանք երկուսով հանցագործություններ են կատարել:

Յոզեֆ Բլատերը 86 տարեկան է և ՖԻՖԱ-ն գլխավորել է 1998-2015 թվականներին։ 2015 թվականին նա 8 տարով զրկվել է ֆուտբոլից։ 2016 թվականի փետրվարին ՖԻՖԱ-ի բողոքարկման կոմիտեն այդ ժամկետը կրճատե էր մինչև 6 տարի: 2021 թվականին Բլատերը որակազրկվել էր ևս 6 տարի 8 ամսով՝ ՖԻՖԱ-ի էթիկայի կանոնների տարբեր խախտումների համար։

67-ամյա Միշել Պլատինին 2015-ին, որը նաև ՖԻՖԱ-ի փոխնախագահն էր, ութ տարով հեռացվել էր ֆուտբոլային գործունեությունից։ Ավելի ուշ ՖԻՖԱ-ի բողոքարկման կոմիտեն այդ ժամկետը կրճատել էր մինչև 6 տարի։ Միշել Պլատինին բողոքարկել էր այդ որոշումը նաև Մարզական արբիտրաժային դատարանում (CAS), որն այդ ժամկետը կրճատել էր ևս երկու տարով:

  • Կիսվել: