ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Վրաստանը դեպի Լարս տանող թունելի շինարարությունը կավարտի 2024 թվականին

Վրաստանը դեպի Լարս տանող թունելի շինարարությունը կավարտի 2024 թվականին

Վրաստանը 2024 թվականի նոյեմբերին կավարտի դեպի Վերին Լարսի անցակետ տանող ևտարածաշրջանում ամենաերկար ու աշխարհում ամենամեծ վեց թունելներից մեկի շինարարությունը: Տեղեկությունը հայտնում է վրացական «Իմեդի» հեռուստաալիքը։
Խոսքը Խաչի լեռնանցքի տակ 9 կմ երկարությամբ թունելի մասին է, որը Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի-Կոբի) շրջանցող ճանապարհի մի մասն է։

«Հորատման մեքենան փորել է հիմնական թունելի 4 կիլոմետրը և տարհանման թունելի 3,5 կիլոմետրը», - նշվում է ռեպորտաժում:

15 մետր տրամագծով թունելը եռաշերտ է, երթևեկությունն իրականացվելու է երկու ուղղությամբ։ Թունելի յուրաքանչյուր 500 մետրում տարհանման ելք կա։
Եղանակային պայմանների պատճառով ավտոճանապարհը տարեկան միջինը մոտ 90 օր փակ է կամ դժվարանցանելի մեծ բեռնատարների համար: Դա հանգեցնում է ոչ միայն դեպի Լարս տանող տարանցիկ շղթայի խախտմանը, այլև Վրաստանի մի մասը կտրում է մյուսից (խոսքը Ստեփանծմինդա բնակավայրի մասին է. խմբ.)։
 
Թունելի ու Կոբիից Քվեշեթ տանող 23 կիլոմետրանոց շրջանցիկ հատվածի շինարարության ավարտից հետո հնարավոր կլինի այդ տարածքով շուրջօրյա անխափան երթևեկություն ապահովել դեպի Ռուսաստան:
Հիշեցնենք, որ նախագիծը պետք է ավարտվեր 2022 թվականին, սակայն համաճարակի պատճառով ժամկետը փոխվեց։
 
Նախատեսվում է կառուցել 22,7 կմ երկարությամբ ճանապարհ, ինչպես նաև 6 կամուրջ ու 5 թունել։ Նախագիծը Եվրոպայի ամենաբարդ ինժեներական կառույցներից է համարվում։ Խաչի լեռնանցքի տակ 9 կմ երկարությամբ թունելի կառուցման աշխատանքները սկսվել են 2021 թվականի սեպտեմբերին։

  • Կիսվել: