Վրաստանում ազատ են արձակել խորհրդարան չներկայանալու համար դատապարտված ընդդիմադիր Թարգամաձեին
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից խորհրդարանի նախկին պատգամավոր Գիվի Թարգամաձեն ազատ է արձակվել յոթ ամիս բանտարկությունից հետո: Թարգամաձեի ազատ արձակման կադրերը ուղիղ եթերով հեռարձակվել են տեղի հեռուստաալիքներով։
Հունիսին Թբիլիսիի քաղաքային դատարանը Թարգամաձեին դատապարտել էր յոթ ամսվա ազատազրկման՝ Սաակաշվիլու կառավարման տարիներին (2004-2012) կատարված հանցագործությունները քննող խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար։
Անցած շաբաթվա ընթացքում ազատ են արձակվել նաեւ երկու այլ ընդդիմադիր գործիչներ՝ Զուրաբ Ջափարիձեն եւ Գիորգի Վաշաձեն, որոնք Թարգամաձեի նման դատապարտվել էին խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար: Նրանցից բացի, անցյալ տարի նման օրենքի խախտումների համար դատապարտվել են գործող կառավարության մի քանի այլ հակառակորդներ՝ «Փոփոխության համար» կոալիցիայի առաջնորդներ Նիկա Գվարամիան եւ Նիկա Մելիան, «Հզոր Վրաստան» կոալիցիայի առաջնորդներ Մամուկա Խազարաձեն եւ Բադրի Ջափարիձեն, ինչպես նաեւ պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին։ 2025թ․ սեպտեմբերին Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ներում է շնորհել Խազարաձեին եւ Ջափարիձեին, քանի որ նրանց կուսակցությունը մասնակցել էր հոկտեմբերին կայացած մունիցիպալ ընտրություններին։
Փետրվարից օգոստոս Վրաստանի խորհրդարանում ստեղծվել է ժամանակավոր հանձնաժողով՝ Սաակաշվիլու օրոք եւ հետագայում կատարված հանցագործությունները հետաքննելու համար։ Հետաքննությունը կենտրոնացած էր 2008թ․ օգոստոսի ռազմական հակամարտության, գործարարների նկատմամբ ճնշման դեպքերի եւ բանտարկյալների նկատմամբ դաժան վերաբերմունքի վրա։
Խորհրդարանական հանձնաժողովի եզրակացությունների հիման վրա իշխող «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հոկտեմբերին դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ երկրի չորս խոշորագույն ընդդիմադիր կուսակցություններից երեքը՝ «Միացյալ ազգային շարժումը», «Փոփոխությունների համար կոալիցիան» եւ «Հզոր Վրաստանը», հակասահմանադրական ճանաչելու համար։


