Վրաստանում այսօր ավարտվեց սահմանադրական հեղաշրջումը․ Զուրաբիշվիլիի հայտարարությունը
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդես է եկել հայտարարությամբ՝ ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը սառեցնելու մասին կառավարության որոշման հետ կապված։
Նա, մասնավորապես, ասել է. «Այսօր ավարտվեց սահմանադրական հեղաշրջումը, որը շարունակվում է մի քանի շաբաթ կամ նույնիսկ ամիսներ։ Ավարտին հասցվեց Եվրոպայից Ռուսաստան շարժումը։ Եթե ոմանք կասկածներ ունեին, ապա այսօր այդ կասկածները փարատվեցին»։
Ըստ Զուրաբիշվիլիի՝ «իշխանությունն այսօր հայտարարել է ոչ թե խաղաղություն, այլ պատերազմ՝ սեփական ժողովրդին, սեփական անցյալին ու սեփական ապագային»։
Նշենք, որ հայտարարությունից առաջ Զուրաբիշվիլին հանդիպում է ունեցել դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների և ընդդիմադիր առաջնորդների հետ։ Նա նշել է, որ Վրաստանի արտաքին քաղաքական կուրսի փոփոխության հարցում այլևս ապացուցելու ոչինչ չկա, ամեն ինչ առավել քան պարզ է։ Զուրաբիշվիլին դիվանագետներին կոչ է արել «կայացնել այնպիսի որոշումներ, որոնք վաղուց պետք է կայացված լինեին», օգնել վրաց հասարակությանը, իսկ ընդդիմադիր առաջնորդներին նա հորդորել է միավորվել, մի կողմ դնել տարաձայնությունները։
Վրաստանի նախագահը նշել է, որ գլխավոր խնդիրը նոր ընտրություն անցկացնելն է։