ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Վրաստանի ընդդիմությունը ստորագրահավաք է սկսել Ուկրաինային աջակցող այլընտրանքային բանաձևի համար

Վրաստանի ընդդիմությունը ստորագրահավաք է սկսել Ուկրաինային աջակցող այլընտրանքային բանաձևի համար

«Ժամանակն է» ընդդիմադիր կուսակցությունը նախաձեռնել է Ուկրաինային աջակցող այլընտրանքային բանաձև՝ քաղաքական ուժերին կոչ անելով ստորագրել այն, գրում է aliq.ge-ն:

Խորհրդարանի շենքի մոտ սկսված ստորագրահավաքին միացել են քաղաքական գործիչներ ու քաղհասարակության ակտիվիստներ։

Ըստ «Ժամանակն է»» կուսակցության նախագահ Էլենե Խոշտարիայի՝ ակցիան ցույց է տալիս, որ Վրաստանը, որտեղ իշխանությունն ակտիվ չէ, ակտիվ են քաղաքացիները։

Ստորագրահավաքին միացել են «Լելոն Վրաստանի համար», «Գիրչի-ավելի շատ ազատություն», «Հանրապետական» և «Ռազմավարություն Աղմաշենեբելի» ուժերը, «Ամոթ է» շարժումը և «Ժողովրդավարության պաշտպաններ» ՀԿ-ն։

Ուկրաինային աջակցող հայտարարությունում շեշտը դրված է Ռուսաստանից եկող սպառնալիքների վրա, այդ թվում և Վրաստանի դեմ։

Հայտարարության կարևոր կետերը՝

Մենք հայտարարում ենք, որ ռուսական ագրեսիան Ուկրաինայի և Վրաստանի դեմ, վերջիններիս տարածքային ամբողջականության խախտումը, անջատված շրջանների զինումը, միջազգային հարաբերությունների հիմնարար սկզբունքների կոպիտ խախտում է, որը խաթարում է անվտանգությունն ու կայունությունը ողջ եվրոպական մայրցամաքում։

Համոզված ենք, որ Ուկրաինան և Վրաստանը՝ ելնելով իրենց ինքնիշխան կամքից և 2008 թվականի ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթնաժողովի որոշման հիման վրա, անպայման կդառնան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամներ: Ռուսական ագրեսիայի լույսի ներքո այս ընտրությունն այլընտրանք է։

Ստեղծված իրավիճակում Ուկրաինայի ազգային անվտանգության ապահովումը կենսական նշանակություն ունի Վրաստանի ազգային անվտանգության համար, ինչպես նաև անհրաժեշտ նախապայման է եվրոպական մայրցամաքում կայուն խաղաղության ապահովման համար։
Տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության համար անհրաժեշտ է, որ Ռուսաստանի Դաշնությունը դուրս բերի իր օկուպացիոն զորքերը Վրաստանից, Ուկրաինայից և Մոլդովայից, որտեղ նրանք ապօրինաբար են տեղակայված։

Հայտարարության տեքստը մշակել է «Ժամանակն է» քաղաքական ուժը, այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ խորհրդարանական մեծամասնությունը մտադիր չէ հաշվի առնել ընդդիմության առաջարկած ձևակերպումը՝ ի պաշտպանություն Ուկրաինայի բանաձևի նախագծում։ Ընդդիմության կարծիքով՝ բանաձևի նախագծի ընդհանուր տեքստի շուրջ անհամաձայնության պատճառ է դարձել «Վրացական երազանքի» առաջարկած աշխատանքային տեքստի փոփոխությունը և Ռուսաստանի կողմից ագրեսիայի արձանագրման բացակայությունը։

Իշխող «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեի խոսքով, խորհրդարանի կողմից ընդունվելիք բանաձևի տեքստը «զերծ է ցանկացած պոպուլիստական ​​կամ սադրիչ հռետորաբանությունից»։

 

  • Կիսվել: