երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Վրաստանի ՇՄ և գյուղատնտեսության նախարարությունը հայտնել է սողանքի հավանական պատճառը

Վրաստանի ՇՄ և գյուղատնտեսության նախարարությունը հայտնել է սողանքի հավանական պատճառը

Վրաստանի բարձրլեռնային Ռաչա շրջանի Շովի առողջարանային քաղաքում սողանքի պատճառը կիրճում գտնվող Բուբա սառցադաշտի մասնակի փլուզումն էր։ Այս մասին ասվում է երկրի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության Շրջակա միջավայրի ազգային գործակալության մասնագետների զեկույցում։

«Կիրճում կատարված դաշտային հետազոտությունների հիման վրա պարզվել է, որ Բուբա սառցադաշտի արևմուտքում տեղի է ունեցել ժայռային փլուզում, որը ավերել է դրա որոշակի հատվածը, ինչն էլ իր հերթին առաջացրել է սառցադաշտի տակից ջրի հոսք։ Որպես կանոն, յուրաքանչյուր սառցադաշտի տակ կան, այսպես կոչված, թաքնված լճեր, արդյունքում առաջացած առուն սկսել է շարժվել կիրճի հունով»,- ասել է Շրջակա միջավայրի ազգային գործակալության երկրաբանության բաժնի ղեկավար Մերաբ Գափրինդաշվիլին, ով լրագրողներին ծանոթացրել էհաշվետվությանը։

Այս գործընթացին, շարունակել է մասնագետը, նպաստել է վերջին շրջանում մարզում տիրող բարձր ջերմաստիճանը, ինչպես նաև առատ տեղումները։ Սառցադաշտից եկող ողջ զանգվածը վերածվել է սառցադաշտային սելավի, որն այնուհետեւ հասել է հանգստավայր: Ինչպես նշել է Գափրինդաշվիլին, հեղեղումների ընդհանուր մակերեսը կազմել է 26 հա։

Զեկույցը նախնական է, այն տալիս է աղետի գոտու մորֆոլոգիական, կլիմայական, հիդրոլոգիական, երկրաբանական և տեկտոնական պայմանների գնահատում։

  • Կիսվել: