Վրաստանի ներքին գործերի նոր նախարար է նշանակվել Գելա Գալաձեն
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է Գելա Գելաձեին երկրի ներքին գործերի նոր նախարար նշանակելու մասին։
Այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը՝ վկայակոչելով Վրաստանի վարչապետի հայտարարությունը։
Նշվում է, որ Վրաստանի ներքին գործերի նախորդ նախարար Վախթանգ Գոմելաուրին մայիսի 28-ին հայտարարել է իր հրաժարականի մասին։
«Այսօրվանից պարոն Գելան (Գելա Գելաձե) կլինի Վրաստանի ներքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը։ Ցանկանում եմ պարոն Գելային մաղթել մեծ հաջողություններ այս պաշտոնում և իր գործունեության մեջ»,-ասել է Կոբախիձեն։
Վրաստանի վարչապետը վստահություն է հայտնել, որ նոր նախարարի ղեկավարությամբ՝ Ներքին գործերի նախարարությունում առաջընթացն ու զարգացումը կշարունակվեն, և որ յուրաքանչյուր ոստիկանի շահերի նկատմամբ հոգատարություն կդրսևորվի։
Վրաստանի ներքին գործերի նոր նախարար Գելա Գելաձեն, ով կրթությամբ իրավաբան է, մինչև այս պաշտոնում նշանակվելը զբաղեցրել է Պետական անվտանգության ծառայության պետի տեղակալի պաշտոնը։