կիրակի, հունիս 14
14 / 6 / 2026
Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Գախարիան կալանավորվել է

Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Գախարիան կալանավորվել է

Վրաստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել նախկին վարչապետ, «Գախարիան՝ հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գեորգի Գախարիայի նկատմամբ. նա կալանավորվել է: Գախարիային սպառնում է մինչև 13 տարվա ազատազրկում, հայտնում են վրացական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և այնպիսի որոշումներ կայացնելու համար, որոնց հետևանքով տուժել են մարդիկ, և խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան:

Հիշեցնենք, որ հոկտեմբերին «Գախարիան՝ Հանուն Վրաստանի» կուսակցությունը որոշում էր կայացրել դադարեցնելու բոյկոտը և մտնելու խորհրդարան։ Կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Գեորգի Շարաշիձեն հայտարարել էր, որ խորհրդարանի ամբիոնից հրաժարվելը ոչ միայն սխալ է, այլև հանցագործություն է երկրի ու ժողովրդի նկատմամբ։ Ըստ կուսակցության՝ դրա արդյունքում «Վրացական երազանքը» հնարավորություն է ստացել արագ և անարգել ամրապնդելու ավտորիտարիզմը:

Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանը դադարեցրել էր Գեորգի Գախարիայի և նրա կուսակցության 11 անդամների լիազորությունները՝ հաստատելով կուսակցական ցուցակով 12 նոր պատգամավորների մանդատները: 

Գախարիան Վրաստանի վարչապետ է եղել 2019-2021 թվականներին։ Մինչ այդ նա զբաղեցրել է ներքին գործերի և էկոնոմիկայի նախարարի պաշտոնները։

 

  • Կիսվել: