կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Վրաստանի ԵՄ անդամակցությունն այլընտրանք չունի․ Ղարիբաշվիլի

Վրաստանի ԵՄ անդամակցությունն այլընտրանք չունի․ Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Շվեյցարիայում՝ Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում ասել է, որ Եվրոպան վրաց ժողովրդի քաղաքակիրթ ընտրությունն է, և Վրաստանի ԵՄ անդամակցությունն այլընտրանք չունի։ Այս մասին գրում է Aliq.ge կայքը։

Պանելային քննարկումը վարող, The New York Times-ի Բրյուսելի բյուրոյի ղեկավար Մատինա Սթեվիս-Գրիդնեֆը Ղարիբաշվիլիին հարցրել է, թե որքան գրավիչ է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ եվրոպական քաղաքական միություն ստեղծելու նախաձեռնությունը Վրաստանի համար։ Ի պատասխան Ղարիբաշվիլին ասել է, որ նման բոլոր քայլերը, որ Վրաստանին կմոտեցնեն Եվրամիությանը, ընդունելի են, սակայն երկրի վերջնական նպատակը կառույցին լիիրավ անդամակցությունն է, որն այլընտրանք չունի։

«Վրաստանը շատ վստահելի և հավատարիմ գործընկեր է Եվրամիության համար։ Սա մեր ժողովրդի ընտրությունն է, և ոչ թե միայն իշխանության։ Ես կասեի, որ սա վրաց ժողովրդի քաղաքակիրթ ընտրությունն է։ Մենք հավատարիմ գործընկերություն ենք ցուցաբերել ԵՄ-ին, քանի որ կիսում ենք ընդհանուր արժեքներ և սկզբունքներ։

 

2014 թվականին մենք ստորագրել ենք Ասոցացման համաձայնագիրը։ Սա լիիրավ անդամակցության հիմնական փաստաթուղթն ու ուղեցույցն է: Այդ ժամանակվանից մենք ստորագրել ենք ազատ առևտրի համաձայնագիր և ունեցել ենք շոշափելի արդյունքներ՝ առանց վիզայի ռեժիմի հարցում, ինչը կարևոր է նաև Վրաստանի բնակչության համար», -ասել է Ղարիբաշվիլին։

 

Իրակլի Ղարիբաշվիլիի հետ պանելային հանդիպմանը մասնակցել են Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցան, Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը և Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը։

Նշենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ աջակցում է նոր տեսակի «եվրոպական քաղաքական համայնքի» ստեղծմանը, որը թույլ կտա ԵՄ-ից դուրս գտնվող երկրներին, այդ թվում՝ Ուկրաինային և Բրիտանիային, միանալ հիմնական եվրոպական արժեքներին:

  • Կիսվել: