«Վրացական երազանքը» չի մասնակցել Ուկրաինայի հարցով խորհրդարանի արտահերթ նիստին
Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հրաժարվել է մասնակցել Ուկրաինայի հարցով խորհրդարանական արտահերթ նիստին։ Խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին ընդդիմությանը մեղադրել է թեման շահարկելու մեջ։ Նրա խոսքով՝ իշխող կուսակցությունը թույլ չի տա, որ Ուկրաինայի եւ Վրաստանի անվտանգության հարցը դառնա «մերկանտիլ օրակարգի մաս»։
«Մենք չպետք է թույլ տանք սխալ համերաշխություն ուկրաինացի ժողովրդի նկատմամբ, Ուկրաինայի թեմայի օգտագործումը ներքաղաքական օրակարգում։ Ուկրաինայի հարցը Վրաստանի համար անվտանգության խնդիր է, բայց դա ներքին խնդիր չէ այն իմաստով, որով փորձում են ներկայացնել»։
Ուկրաինայի շուրջ ճգնաժամը քննարկելու համար խորհրդարանի արտահերթ նիստ է նշանակվել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից՝ բավարարելով ընդդիմության խնդրանքը։ Նիստին նախատեսվում էր լսել նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին։