ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Վատիկանում սկսվել է Բենեդիկտոս XVI-ի հրաժեշտի արարողությունը

Վատիկանում սկսվել է Բենեդիկտոս XVI-ի հրաժեշտի արարողությունը

Երկուշաբթի Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում սկսվել է Բենեդիկտոս XVI-ի հրաժեշտի արարողությունը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

Հանգուցյալ հովվապետի մարմինն առանց դագաղի դրված է բազիլիկ եկեղեցու կոնտրոնում, Բերնինիի բրոնզե ամպհովանու առջեւ։

Բենեդիկտոս պապը ժամերգության կարմիր պատմուճանով է, գլխին սպիտակ  խույր է, ձեռքին՝ աղոթքի վարդարան-համրիչը։

Բազիլիկ եկեղեցու բացվելուց մեկ ժամ առաջ Պիետրո Բերնինիի սյունաշարի առջեւ, Սուրբ Պետրոսի հրապարակում, երկար հերթ էր գոյացել, հավատացյալները ցանկանում էին հրաժեշտ տալ պապին։ Հրապարակը լեփ-լեցուն է. դեպի տաճար մուտքը հեշտացնելու համար հավատացյալների հոսքը կիսել են երկու մասի։ Եկեղեցու մուտքի առջեւ դրված են մետաղորսիչներ։

Բենեդիկտոս XVI-ը ժամանակակից եկեղեցու պատմության մեջ կմտնի որպես առաջին հովվապետ, որն ինքնակամ վերջին 600 տարիների ընթացքում, Գրիգոր XII պապի ժամանակներից ի վեր, հրաժարվել է Առաքելական գահից։ 2013թ. փետրվարին գահից հրաժարվելուց հետո նա ապրում էր Վատիկանի այգիների Mater Ecclesiae փոքր վանքում, որտեղ էլ մահացել է շաբաթ օրը։

Հրաժեշտի արարողությունը կտեւի մինչեւ հինգշաբթի, երբ տեղի կունենա հուղարկավորությունը։ Հոգեհանգստի պատարագը կգլխավորի Ֆրանցիսկոս պապը։ Պատարագից հետո հովվապետը վերջին օծումը կստանա, նրա աճյունը կամփոփվի Վատիկանի քարայրներում, որոնք գտնվում են Սուրբ Պետրոս տաճարի խորանի տակ։

  • Կիսվել: