«Ուկրզալիզնիցյան» դադարեցրել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հետ ցանկացած հարաբերություն
՛՛Ուկրզալիզնիցյա՛՛-ն դադարեցրել է ՛՛Ռուսական երկաթուղիներ՛՛ ԲԲԸ-ի հետ ցանկացած հարաբերություն եւ փոխգործակցություն եւ քանդել Ռուսաստանի հետ երկաթուղային հանգույցները: Այս մասին հայտնել են երկաթուղային ընկերության մամուլի ծառայությունից, տեղեկացնում է ՈՒՆԻԱՆ-ը։
՛՛Մենք Ռուսաստանի Դաշնության երկաթուղայիններին առաջարկել էինք խաղաղություն եւ դադարեցնել պատերազմը, սակայն նրանք շարունակում էին տանկեր եւ այլ մարտական տեխնիկա բերել մինչեւ Ուկրաինա եւ նրա սահմանները։ Այն երկրների միջեւ երկաթուղային անցումները, որոնք նախկինում ապահովել են հազարավոր բեռների փոխադրումը եւ միլիոնավոր դոլարներ են բերել երկու երկրների տնտեսություններին, քանդվել են՛՛,-նշված է երկաթուղային ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ դադարեցվել է նաեւ դիսպետչերական կապը ՌԴ-ի հետ։
Հաղորդագրության մեջ նաեւ ասված է, որ ՛՛Ուկրզալիզնիցյա՛՛-ն ամբողջովին վերակողմնորոշում է բեռնափոխադրումները դեպի Եվրոպա եւ կշարունակի զարգացնել ՛՛Մետաքսի ճանապարհը՛՛՝ շրջանցելով Ռուսաստանը: Ընկերությունը կշարունակի զարգացնել փոխադրումները նաեւ Ասիայի երկրների, մասնավորապես՝ Չինաստանի հետ: