ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ուկրաինայում աճած հակառուսական ուժերի հետ բախումն անխուսափելի էր, դա պարզապես ժամանակի հարց էր․ Պուտին

Ուկրաինայում աճած հակառուսական ուժերի հետ բախումն անխուսափելի էր, դա պարզապես ժամանակի հարց էր․ Պուտին

Ուկրաինայում աճած հակառուսական ուժերի հետ բախումն անխուսափելի էր, դա պարզապես ժամանակի հարց էր։ Ria.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի, Արեւելյան տիեզերակայանում հայրենական տիեզերական ճյուղի աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում։

 
«Ուկրաինան սկսել էին վերածել հակառուսական հենակետի, սկսել էին այնտեղ աճեցնել նացիոնալիզմի եւ նեոնացիզմի վաղուց արդեն առկա ծիլերը»,- ասել է պետության ղեկավարը։ «Հատուկ աճեցնում էին նեոնացիզմի շիվը, եւ Ռուսաստանի բախումն այդ ուժերի հետ անխուսափելի էր, նրանք միայն ընտրել են գրոհի ժամանակը»,- ընդգծել է Պուտինը։
 
Ճյուղի աշխատողներին եւ ռուսաստանցիներին շնորհավորելով Տիեզերագնացության օրվա առիթով՝ պետության ղեկավարը նշել է, որ կցանկանար առանձին ամենաջերմ խոսքեր հղել Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի ստորաբաժանումների զինծառայողներին։ «Այսօր մեր սպաները Դոնբասում, Ուկրաինայում մասնակցում են հատուկ ռազմական գործողությանը։  Օգնություն են ցուցաբերում Դոնբասի ժողովրդական հանրապետություններին։ Գործում են արիաբար, գրագետ, արդյունավետ եւ էֆեկտիվ, կիրառում են սպառազինությունների ամենաարդիական տեսակները, որոնք յուրօրինակ, իրենց նմանը չունեցող բնութագրեր ունեն»,- ասել է նա։
 
Պուտինը համոզմունք է հայտնել, որ Դոնբասի պաշտպանության գործողության նպատակները կիրականացվեն։ «Այդպես էլ կլինի։ Ոչ մի կասկած չկա, [որ ՌԴ ԶՈւ-ն կհասնի առաջադրված նպատակներին]։ Նպատակները լիովին հասկանալի են, դրանք ազնիվ են»,- ընդգծել է Պուտինը։ «Գլխավոր նպատակը Դոնբասի մարդկանց օգնությունն է, մենք ճանաչել ենք Դոնբասը, հարկադրված էինք անել դա, որովհետեւ Կիեւի իշխանությունները, Արեւմուտքի կողմից հրահրվելով, հրաժարվում էին  կատարել Մինսկյան համաձայնագրերը, որոնք ուղղված էին Դոնբասի խնդիրների խաղաղ լուծմանը»,- ավելացրել է նախագահը։

  • Կիսվել: