Ուկրաինայի պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել թուրք գործընկերոջը
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը և Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց են ունեցել, որում քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը և մարդասիրական օգնության տրամադրումը։
«Հեռախոսազրույց է եղել մեր մեծ ընկերոջ՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Ուկրաինայում և ամբողջ աշխարհում առկա իրավիճակը։ Հուլուսի Աքարը նաև կրկնել է, որ Թուրքիան պատրաստ է մարդասիրական օգնություն ցուցաբերել Ուկրաինային։ Շնորհակալություն ձեր աջակցության համար»,- երկուշաբթի առավոտյան գրել է Ռեզնիկովը Twitter-ում։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։