շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ գազի ճգնաժամն սպառնում է Եվրոպա մատակարարումներին

Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ գազի ճգնաժամն սպառնում է Եվրոպա մատակարարումներին

Ուկրաինայի եւ Ռուսաստանի  տարաձայնությունները Եվրոպա փոխադրվող բնական գազի պատճառով պատերազմն սկսվելուց հետո առաջին անգամ կարող են խախտել գազի մատակարարումները, գրել է Bloomberg-ը։

Ռուսական գազի հոսքը երկու հիմնական կետերից հինգշաբթի կդադարեցվի, քանի որ ռուսաստանյան ուժերը խոչընդոտում են աշխատանքին, նշվել է Ուկրաինայի գազատրանսպորտային օպերատորի հայտարարությունում։ Ընդ որում, նշվել է, որ վառելիքը դեռ կարելի է վերուղղորդել՝ խուսափելու համար խափանումներից, բայց «Գազպրոմ» ընկերությունը հայտարարել է, որ դա անհնար է այն պատճառով, թե ինչպես է աշխատում իր համակարգը։

Ռուսաստանը սովորաբար գազը մատակարարում է Ուկրաինայով՝ չնայած հակամարտությանը, բայց նախնական պատվերները ցույց են տալիս, որ չորեքշաբթի տարանցիկ մատակարարումների ընդհանուր ծավալը մեկ օր առաջվա համեմատ կնվազի 18 տոկոսով։ Դա, հավանաբար, կհանգեցնի այն բանին, որ գազի եվրոպական գներն ավելի կբարձրանան։

Կիեւը հայտարարել է, որ Լուգանսկի մարզում ռուսական զորքերի գործողությունները կարող են հանգեցնել Եվրոպա գազի մեկ երրորդի տարանցումը դադարեցնելուն։ Ուկրաինայի գազի ցանցի մենեջերն ասել է, որ չի կարող կատարել պայմանագրային պարտավորությունները Սոխրանովկա սահմանակետի միջոցով, բայց ասել է, որ հոսքերը կարող են վերուղղորդվել Սուջայով։

«Գազպրոմի» ներկայացուցիչը հայտարարել է, որ Ուկրաինան ընկերությանը տեղեկացրել է գալիք խափանման մասին, բայց ֆորսմաժորային հանգամանքների մասին հավաստիացում չի ստացել։ Ընկերությունը հայտարարել է, որ Սուջային անցնելը տեխնիկապես անհնար է։

Եվրոպական գազային թրեյդերները լարված են՝ չնայած այն բանին, որ վերջին ժամանակներս գները նվազել են հեղուկացված բնական գազի կայուն մատակարարումների շնորհիվ։ Անցած տարի Ռուսաստանն ապահովել է Եվրամիության գազի պահանջարկի 40 տոկոսը, այդ գազի մոտ մեկ երրորդն ուղարկվել է Ուկրաինայով, ինչն այն մայրցամաքի էներգետիկ ապահովության առանցք է դարձնում։

Ուկրաինական գազային ցանցը հայտարարել է, որ այլեւս չի կարող ընդունել Սոխրանովկայով ռուսական գազի տարանցումը տեղի ժամանակով առավոտյան ժամը 7-ից։ Պատվերների տարանցումն այդ կետով չորեքշաբթի օրն արդեն հասել է զրոյի, բայց Սուջայով հոսքերը մեկ օր առաջվա համեմատ կավելանան 12 տոկոսով։

Սոխրանովկան եւ Սուջան Ռուսաստանի եւ Ուկրաինայի սահմանին երկու կարեւոր կետեր են, որոնք ընդունում են «Գազպրոմի» հոսքերը՝ Եվրոպա տարանցելու համար։ Երեքշաբթի օրվա դրությամբ Սոխրանովկայով փոխանցվել է հոսքերի 27 տոկոսը, մնացածը՝ Սուջայով։

«Գազպրոմը» հայտարարել է, որ խնդիրներ չի տեսնում սովորական ռեժիմով Ուկրաինայով գազի մատակարարումը շարունակելու հարցում եւ կատարում է բոլոր պարտավորությունները եվրոպացի հաճախորդների առջեւ։

  • Կիսվել: